Ժամեր առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկը Վանաձոր քաղաքի մարդաշատ փողոցից լուսանկար էր հրապարակել, որն էլ բուռն քննարկումների, ինչպես նաև քննադատությունների պատճառ էր դարձել: Իրավիճակն ամբղջությամբ հասկանալու համար ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:
«Ամեն օր մեր քաղաքի բարձրահարկ շենքերն ախտահանվում են, մի քանի օրը մեկ փողոցներն են ախտահանվում, իսկ վերելակներն ախտահանվում են ամեն օր, հանրային տրանսպորտը չի աշխատում նաև քաղաքի մուտքին և ելքերին, ինչպես նաև միջմարզային փոխադրումների վրա սահմանափակումներ կան՝ ստուգում են մեքենաները»,-ասաց նա:
Ասլանյանն անդրադառնալով քննարկվող լուսանկարին վերաբերող մեր հարցին, նշեց. «Ես արդեն զրուցել եմ ոստիկանապետի, նաև քաղաքացիների հետ, խնդիրն այն է, որ այսօր մարդիկ թոշակ են ստացել և դուրս են եկել գումարը բանկոմատից հանելու, նաև կենսական անհրաժեշտության գնումներ կատարելու: Լուսանկարներում ևս երևում է, որ այդ կուտակումները բանկոմատների մոտ են և դա շատ բնական է, եթե մարդ այլ տարբերակ չունի այդ գումարը ստանալու»:
Քաղաքապետի հավաստմամբ՝ մարդիկ այսօր անհրաժեշտ գնումները կանեն և մինչ օրվա վերջ ակտիվությունն այլևս չի լինի:
Դիտարկմանը, թե քաղաքացիներն առանց դիմակների և ձեռնոցների են եղել, քաղաքապետն ասաց. «Իսկ ո՞վ ասաց, որ հատուկ հրահանգ կա՝ փողոցում դիմակ կրելու, դա պարտադրված չէ: Իսկ ինչ վերաբերում է ձեռնոցներին՝ կարող եմ ասել, որ բանկոմատներն ախտահանվում են: Բացի այդ, կարծում եմ՝ տեղական իշխանությունները, պատկան մարմինները, սպասարկող կազմակերպությունները պետք է էլ ավելի ուշադիր լինեն, քանի որ շատ քաղաքացիների մոտ բացակայում է սոցիալական պատասխանատվությունը: Մյուս կողմից՝ լուսանկարելու իմաստն էլ չեմ հասկանում, դրա փոխարեն կարելի էր մարդկանց զգուշացնել, ուղղորդել»: