Շաբաթ օրը՝ մարտի 28-ին, վեց ծանր վիճակում գտնվող հիվանդներ Բերգամոյից տեղափոխվել են Քյոլն-Բոնի օդանավակայան: Թե ինչպես է ընթանում նրանց բուժումը Քյոլնի և Բոնի համալսարանական կլինիկաներում, պատմում է DW -ն:
Բժիշկ Մաթիաս Կոխանեկը հարցազրույցի համար ընդամենը մի քանի րոպե ունի: Նրա հետ հանդիպել են Քյոլնի համալսարանական հիվանդանոցի տասնմեկերորդ հարկում: Նա կրում է հասարակ բժշկական դիմակ:
«Իսկ որտե՞ղ են այստեղ կորոնավիրուսով հիվանդները»: – միամտորեն հարցնում եմ ես:
«COVID-19-ով հիվանդները պահվում են կլինիկայի մեկուսացված մասում: Եթե նրանք այստեղ լինեին, մենք այստեղ չէինք կանգնի»:
Քյոլնի համալսարանական հիվանդանոցում բուժվում են Իտալիայից ժամանած կորոնավիրուսով երկու հիվանդներ: Բժիշկ Կոխանեկն ասում է, որ նրանց վիճակը կայուն է, և առողջանալու հույս կա: Ընդհանուր առմամբ, կլինիկայում կա 25 հիվանդ, որոնց մոտ COVID-19 է ախտորոշվել, ներառյալ իտալացիները:
Նրանցից տասներկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Սա նշանակում է, որ նրանք շնչում են թոքերի օդափոխության համակարգերի օգնությամբ:
Կորոնավիրուսի բուժման միջոցը դեռևս չի հայտնաբերվել: Գերմանիայում բժիշկները փորձում են հաղթահարել հիվանդությունը այն դեղերով, որոնք արդեն գոյություն ունեն:
Բժիշկ Կոխանեկը շեշտում է, որ իրենք օգտագործում են միայն ստուգված դեղեր, և որևէ նոր գյուտի մասին խոսք լինել չի կարող, որովհետև կլինիկական ուսումնասիրությունները ժամանակ են պահանջում:
«Ներկայումս բուժումը նույնն է, ինչ սուր շնչառական հիվանդությունների դեպքում», – ասում է Կոխանեկը: «Դա այնքան էլ չի տարբերվում այնպիսի վիրուսային լուրջ հիվանդությունների բուժումից, ինչպիսիք են գրիպը, խոզի գրիպը և այլն»:
Բայց գլխավորը, նրա կարծիքով, դադարեցնել վիրուսի տարածումը, որպեսզի կանխվի առողջապահության համակարգի փլուզումը:
Այժմ Քյոլնի համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդների համար կան բավարար տեղեր: Ընդհանուր առմամբ, կլինիկան ունի ինտենսիվ թերապիայի համար նախատեսված 120 մահճակալ, բայց անհրաժեշտության դեպքում աշխատակիցները պատրաստ են ևս հիսուն մահճակալ վերազինել: Այդ պատճառով էլ իտալացիներին հենց այստեղ են տեղափոխել:
«Մենք այնքան շատ տեղ ունենք, և ես ուրախ եմ, որ կարող ենք օգնել այդ հիվանդներին»: Կոխանեկը չի թաքցնում իր հպարտությունը: Նրա համար սա ընդհանուր չարիքի դեմ համերաշխության և պայքարի նշան է:
«Ո՞վ գիտի, միանգամայն հնարավոր է, որ երեք-չորս շաբաթվա ընթացքում մենք ինքներս հայտնվենք նման իրավիճակում, և ես ուրախ կլինեմ, եթե օգնության նման առաջարկներ ստանանք արտասահմանյան կլինիկաներից», – ասում է նա:
Արտերկրից կորոնավիրուսով հիվանդներ ընդունելու որոշումը կայացվել է Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա դաշնային նահանգի վարչապետ Արմին Լաչետի մակարդակով:
Վեց իտալացիներին անցյալ շաբաթ օրը տեղափոխել են Քյոլն-Բոնի օդանավակայան՝ հատուկ ինքնաթիռով, որն օգտագործվում է երկարատև հեռավորությունների վրա ծանր հիվանդ հիվանդներին տեղափոխելու համար:
Ընդհանուր առմամբ, Հյուսիսային Ռայն-Վեստֆալիան տասնչորս հիվանդ է ընդունել՝ տասը Իտալիայից և չորսը՝ Ֆրանսիայից: Դրանից առաջ Սաքսոնիան եւս մի քանի ծանր հիվանդներ էր ընդունել Իտալիայից, իսկ հարևան Ֆրանսիայից'Սարը, Բադեն-Վյուրթեմբերգը և Ռայնլանդ-Պալատինատը: Բայց արդյո՞ք ուշ էր գերմանական օգնությունը:
«Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հիվանդ, որին կարող ենք օգնել, եւս մեկ փրկված կյանք է», – ասում է Մատիաս Կոխանեկը: – «Այնպես որ երբեք ուշ չէ»:
«Մենք պայքարում ենք նրանց կյանքի համար»
Պրոֆեսոր Վոլֆգանգ Հոլցգրևը՝ Բոնի համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկը, համաձայն է իր գործընկերոջ հետ:
«Հիմա եկել է այն պահը, երբ Իտալիայում հիվանդանոցները սպառել են իրենց ռեսուրսները: Բայց իրավիճակը փոխվում է ամեն մի շաբաթվա ընթացքում: Օրինակ՝ մենք տեսնում ենք դեպքերի կտրուկ աճ ԱՄՆ-ում վերջին օրերին, ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու մի քանի շաբաթ հետո:
Իտալիան շարունակում է մնալ կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկը: Արդեն արձանագրվել է վարակի ավելի քան 115 հազար դեպք: Այս երկիրն ունի նաև մահացությունների ամենամեծ թիվը՝ շուրջ 14 հազար:
Իտալական Բերգամոյից երկու հիվանդ տեղափոխվել է Բոնի համալսարանական հիվանդանոց: Մեկ իտալացի 50 տարեկան է, իսկ մյուսն արդեն 70 տարեկան է: Երկուսն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Այստեղ բժիշկներն այնքան էլ լավատես չեն:
«Ինչպես վերկենդանացման բաժնի շատ դեպքերում, դեռ պարզ չէ՝ կարող ենք արդյոք հաջող արդյունքի հասնել, բայց մենք պայքարում ենք նրանց կյանքի համար», – ասաց պրոֆեսոր Հոլցգրևը: