Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերությունը նախօրեին հիմնադիր բաժնետերերի խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու և լուծում գտնելու ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին։ Այդ առիթով կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Վերջին օրերը սթրեսային են եղել Ucom-ի աշխատակիցների, բաժանորդների, գործընկերների և հանրության համար։ Մենք տեղեկացված ենք, որ այս իրավիճակում ընկերության բարձրագույն մարմնի լռությունը աշխատակիցների շրջանում լուրջ անհանգստություն է առաջ բերել։ Սակայն մենք գործել ենք իրավական ու էթիկական նորմերը պահպանելու սկզբունքով՝ գիտակցելով, որ լռությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ։
Մենք չենք նախաձեռնել տեղեկատվության արտահոսք և չենք փորձել այրել կամուրջները. մենք հավատացած ենք, որ ազնիվ չէ բանակցային փուլում հանրային կարծիքի մանիպուլյացիաները կամ աշխատակիցների դիմումները որպես սպառնալիք օգտագործելը։ Մեր դիրքորոշումը հանրայնացնում ենք միայն այսօր, երբ իրավական բոլոր մեխանիզմները թույլ են տալիս դա անել՝ ընկերության կանոնադրության և գործող օրենքների համաձայն։ Հայտնում ենք, որ տիրապետում ենք իրավիճակին և կարգավորման գործընթաց ենք նախաձեռնել։
Նախ, մեր շնորհակալությունն ենք հայտնում Ucom-ի աշխատակիցներին՝ համատեղ անցած ճանապարհի ու հայկական տելեկոմի պատմությունը կերտելու համար։ Այդ պատմության մեջ Հայկն իր կարևոր ներդրումն ունի, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Լիահույս ենք, որ նա կշարունակի կիսել իր փորձառությունը Ucom-ի կառավարման խորհրդում՝ որպես համասեփականատեր ներկայացված լինելով: Բացի այդ, հավատում ենք, որ ի բարօրություն Ucom-ի մեծ թիմի, բոլոր բաժնետերեը իրենց մեջ ուժ կգտնեն գործընթացները ողջամիտ, կշռադատված քայլերով կազմակերպելու՝ առանց որևէ աշխատակցին վնասելու քայլերի։
Անդրադառնալով մամուլում շրջանառված տեղեկատվական միֆերին ընդգծենք, որ, այո՛, Ucom-ը հայկական ընկերություն է և այն, բնականաբար չի վաճառվել, փոխանակվել կամ «արտահանձնվել» որևէ երկրի՝ ոչ մի «գործարքի» դիմաց։ Ընկերությունը նաև երբևէ չի դիտարկել ու չի պատրաստվում դիտարկել հրաժարվելը իր որևէ աշխատակցից։ Բաժնետերերի մասով էլ հիշեցնենք, որ հիմնադրման օրվանից տարիներ շարունակ խոշորագույն միջոցներ, սոցիալական կապիտալ ու հնարավորություններ են ներդրվել Ucom-ի կայացման համար՝ շարունակելով հավատալ U-թիմի տեսլականին։ Ի դեպ, 12 տարիների ընթացքում բաժնետերերը երբևէ դիվիդենտ չեն վերցրել։
Առաջ նայելով Ucom-ի զարգացմանը, վստահ ենք, որ աշխատակիցները սթափ կդատեն իրավիճակը, իսկ նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը, ինչի համար նախատեսում ենք նոր ներդրումներ անել և հնարավորություններ ներգրավել։
Ucom-ը ինստիտուցիոնալ կառույց է և մենք բոլորս պատասխանատու ու հաշվետու ենք մեր թիմակիցների, մեր հաճախորդների ու գործընկերների, ինչպես նաև լայն հանրության առջև։ Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, երբ կապը մարդկանց համար կենսական նշանակություն ունի, մեր պարտքն է շարունակել անխափան աշխատանքը՝ պահպանելով ողջամտությունը։ Ucom-ը կա և կմնա հայկական օպերատոր»։