Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի գործընկեր,
Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ Գալաքսի գրուփի հաղորդակցության բաժնի կողմից լրատվամիջոցներին է ուղարկվել հաղորդագրություն, որով իրավական ուժ չունեցող փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց, իբր ապրիլի 14-ին տնօրենների խորհուրդը նշանակել է Ucom ընկերության նոր տնօրեն:
Հայտնում ենք հանրությանը, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Հայկ Եսայանը շարունակում է մնալ ընկերության տնօրեն և ներկայացնում ենք պետ. ռեգիստրի վկայականից քաղվածքը 2020թ․ ապրիլի 16-ի ժամը 18.00 դրությամբ:
Հայտնում ենք նաև, որ միայն Հայկ Եսայանի խնդրանքով են ազատման դիմում գրած բոլոր 865 աշխատակիցները շարունակում ապահովել կազմակերպության բնականոն աշխատանքը: Ուստի նման հայտարարությունները ավելորդ լարվածություն և պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում կազմակերպության ներսում: Հորդորում ենք չտրվել նման գործելաոճին և շարունակել բանակցային գործընթացը, որի մասին հայտարարել ենք:
Նշենք, որ արդեն երկու օր է Ucom ընկերության և բոլոր բաժնետերերի շահերը ներկայացնող իրավաբանները համատեղ աշխատում են ձեռքբերված պայմանավորվածությունները ամրագրող փաստաթղթի վրա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ucom ընկերության Տնօրենների խորհուրդը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր. «Ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։ Նոր գլխավոր տնօրենը Արա Սերգեյի Խաչատրյանն է, ով որպես Տնօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019թ. դեկտեմբերի 25-ին»։