«Որոտան» ՀԷԿ-երի համալիրում հոսանքի արտադրությունը շարունակում է իրականացվել համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: «Այս պահին հոսանքի արտադրությունը Որոտանի կասկադում իրականացնում է հայկական ը նկերությունը, հետագայում, երբ նոր սեփականատերը կդիմի մեզ, կդադարեցնենք լիցենզիան և լիցենզիա կտրամադրենք նրանց»,- նշեց Նազարյանը:
ՀԾԿՀ նախագահը նշեց, որ «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի նոր սեփականատերը իրենց կդիմի այն պահին, երբ պատրաստ կլինեն վերջին փաստաթղթերը, որոնք կվկայեն սեփականատիրության մասին, իսկ համալիրի բնականոն աշխատանքն այս պահին շարունակվում է:
Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև հունվարի 29-ին ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլ ոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը: Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Գարի Լիվսլին գոհունակություն են հայտնել գործարքի առնչությամբ և կարևորել առաջիկայում նախատեսվող ներդրումային ծրագրերը: Ընկերությունը կապահովի մոտակա 25 տարիների ընթացքում Որոտանի համալիրի անխափան և շարունակական շահագո րծումը: