ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ` տասնմեկերորդ միջոցառումը։ Հերթական միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց: Այս ծրագրով կառավարությունը կփոխհատուցի բոլոր այն ընտանիքների գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարների մի մասը, որոնց փետրվար ամսվա վարձավճարները չեն գերազանցել գազի սպառումը` 10 000 և էլեկտրաէներգիայինը` 5 000 ՀՀ դրամը: Բոլոր այս բաժանորդները հետ կստանան փետրվար ամսվա համար վճարած իրենց վարձրավճարների կեսը` 50%-ը։
 
Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր էր, նա անչափ սուր էր արձագանքում բոլոր այն դեպքերում, երբ ՀՀԿ-ն, կառավարությունը որոշում էին կայացնում որևէ խնդրի մասով քաղաքացիներին մասնակի փոխհատուցում տրամադրել: Ընդդիմադիրները պնդում էին, որ կառավարությունը հատուկ է այնպես ծրագրում վերոնշյալ փոխհատուցումները, որպեսզի մինիմումի հասցնի շահառուների թիվը: Իսկ ի՞նչ է անում այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ աշխատելու պարզ իմիտացիա: Փաշինյանը ցանկացած առիթ օգտագործում էր հայտարարելու համար, որ կառավարությունը չունի փողի խնդիր, ավելին՝ բյուջեի գերակատարման մասին արդեն իսկ քաղաքական միֆեր են հյուսվում: Սակայն ո՞ւմ է այդ ամենը հարկավոր, եթե հարկ եղած պահին կառավարությունը ի վիճակի չէ օգնել սեփական քաղաքացիներին: Քանի ընտանիք է Հայաստանում փետրվարին տաս հազար դրամի գազ սպառում, էլ չենք խոսում էլեկտրաէներգիայի մասին: Եվ ինչու է ընտրվել հենց փետրվար ամիսը, երբ տրամաբանական է, որ պետք է գրանցված լինեն սպառման ամենաբարձր ցուցանիշները: Քանի ընտանիք է օգտվելու կառավարության օգնությունից: Անապահով ընտանիքը փետրվարին ստիպված է ջեռուցել իր բնակարանը, իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը խոստացվածի պես չի հաջողացրել նվազեցնել գազի գինը՝ այդ անապահով քաղաքացին ակնհայտորեն տաս հազար դրամից ավել է ծախսելու իր բնակարանը ջեռուցելու նպատակով, մինչդեռ դրանից այդ քաղաքացին չի դադարում լինել անապահով:
 
Համացանցի օգտատերերը անչափ բուռն են արձագանքել կառավարության այս որոշմանը: «Մի ծաղրեք մեզ»,- գրել են օգտատերերը՝ նշելով, որ կառավարությունը նման որոշում ընդունելուց քաջ գիտակցում էր, թե որքան փոքր է լինելու շահառուների թիվը, եթե նմանները ընդհանրապես գտնվեն: «Պարոն վաչապետ, եթե ձեր կառավարական տան հոսանքի եվ լույսի գումարը 100€-ից պակաս լինի փետրվար ամսի համար, խոստանում եմ 50% -ը փոխհատուցել»- գրել էր օգտատերերից մեկը՝ վարչապետի գրառմանը պատասխանելիս:
 
«Ես երևի հրաժարվեմ։ Պետք չի ձեր փոխհատուցումը։ Ինձ մի բաժակ կոֆե ու հաշիվը խնդրում եմ»,- գրել էր մեկ այլ օգտատեր: 
 
«Էշի տեղ դնելու նուրբ արվեստը 2 տարի է լավ է ստացվում, հասանք հեքիաթային կոմունալ թվերին: Երեխեք, իսկ դուք որ՞ հեքիաթից եք եկել»- սա էլ մյուս օգտատիրոջ գրառումն էր թեմայի շուրջ:
 
«Կառավարությունը կվճարի քո կոմունալ վճարների 50%-ը, եթե ապրում ես մթության մեջ, եթե չես լողանում, եթե չես տաքացնում քո բնակարանը գազով կամ էլեկտրոէներգիայով, եթե սնվում ես բացառապես հում սննդով, եթե ...Մի խոսքով, եթե քո համար դեռ ԼՏՊ-ն է նախագահ կամ դու չկաս»։
 
«Ինչպես կասեր Սերժը` յա, իրո՞ք: Դե ես էլ ասելու բան չունեմ: Կառավարությունը շարունակում է խայտառակվել...»