Կորոնավիրուսով պայմանավորված՝ մարդկանց մի մասը սկսել է ավելի լուրջ վերաբերվել իր առողջությանը, ընդհուպ մինչև սևեռվել: Քաղաքական վերին շրջանակներում ևս դրսևորվեցին նման վարքագծեր: Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ երրորդ անգամ է հանձնել կորոնավիրուսի թեստ, քաղաքապետ Մարությանն էլ, բառիս բուն իմաստով, անհետացել էր, և այդ ընթացքում նրա մասին լեգենդներ էին պտտվում: Ասում էին, որ նա աշխատանքային փաստաթղթերը դռան տակից է հանձնում կամ, որ հատուկ մարդ կա, ով նրա համար բացում է դռները, որպեսզի վերջինս չդիպչի բռնակներին: Հոգեբան Միհրդատ Մադաթյանից ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել, թե առողջության համար նման վախերը հոգեբանական ինչ խնդիրների մասին են վկայում և հետագայում ինչ հետևանքներ, դրսևորումներ կարող  են ունենալ: 

 

«Այդ երևույթը կոչվում է հիպոխոնդրիա, երբ մարդը ունի մշտական մտավախություն, համոզմունք, որ ինքը տառապում է այս կամ այն հիվանդությամբ: Այդ երևույթը տարածված է ու միշտ եղել է, պարզապես հիմա կա խթանիչ՝ կորոնավիրուսը, արդյունքում՝ դրսևորումները ավելի ակնհայտ են դառնում: Բնականաբար, այս ամենը կունենա նաև հոգեբանական հետևանքներ: Թեկուզ միայն հենց այն պատճառով, որ ի սկզբանե ասում էին, որ պետք է զգույշ լինել և խուճապ չտարածել, որ հետո կարողանանք վերահսկելի արդյունք ունենալ, այլ ոչ այն, ինչ այսօր ունենք»,-նշեց նա:

Հոգեբանը ենթադրում է, որ քաղաքապետը նույնպես հիպոխոնդրիկների շարքին է պատկանում, բայց, քանի որ չի ցանկանում, որ դա ակնհայտ դառնա՝ ժամանակ առ ժամանակ ուղիղ միացումներ է ունենում, ինչ-որ միջոցառումների մասնակցում. «Թերևս դա անում է ցույց տալու համար, որ վախեր չունի, բայց նշանները շատ նման են այդ խնդրին: Նման մարդիկ ամեն կերպ փորձում են իրենց ստերիլ պահել միջավայրից, կամայական նախանաշանը կարող է խուճապ առաջացնել, օրինակ, եթե փռշտում են՝ կարող են մտածել, որ հիվանդացել են այդ վիրուսով»:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե առողջության վրա նման սևեռված լինելը ինչ հետևանքներ կարող է ունենալ, հոգեբանը պատասխանեց. «Դա բերելու է հոգեբանական, մարմնական խնդիրների և որոշ մարդիկ սա ընկալելու են որպես  իրենց կյանքի տրավմատիկ ընթացք: Կարող է մարդկանց վարքագիծը, ապրելակերպը փոխվել: Կարծում եմ՝ հիմա մի քիչ վաղ է հետևանքների մասին խոսել, երբ սա վերջանա, ավելի պարզ ամեն ինչ կլինի»: