Ապրիլի 28-ին, ժամը 09։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացու դի կա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Է., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 150 մ գլորվել ձորը և բռնկվել. վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 6 ուղևոր դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ։
Հրդեհը մարվել է ժամը 10։35-ին։ Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։