Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսից ապաքինվածների թիվը կազմում է վարակված մարդկանց գրեթե մեկ երրորդը։ Ապաքինվածների ստույգ թիվը 1 014 524 է, հայտնում է worldometers.info-ն։ Մինչ օրս աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի համավարակի ավելի քան 3․2 միլիոն հաստատված դեպք, մահացել է 228.8 հազար մարդ, իսկ այժմ գրեթե 2 միլիոն մարդ վարակված է կորոնավիրուսով:

Զոհերի և վարակակիրների թվով աշխարհում առաջատար է ԱՄՆ-ը, որտեղ գրանցվել է վարակման 1 095 304 դեպք, որից 63 871-ը՝ մահվան ելքով:

Ավելի քան 200 հազար դեպք գրանցվել է Իսպանիայում և Իտալիայում: Ֆրանսիայում, Գերմանիայում, Բրիտանիայում, Թուրքիայում և Ռուսաստանում արձանագրվել է ավելի քան 100 հազար վարակակիր:

Նախօրեին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկրում անցկացվել է մոտ 6 միլիոն թեստ: Իր հերթին փոխնախագահը նշել էր, որ շաբաթական իրականացվում է 1 միլիոն թեստ, սակայն մոտ ապագայում այդ ցուցանիշը կհասնի շաբաթական 2 միլիոնի:
Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ամենափոքր ցուցանիշը' օրական 268 հիվանդ: Ապրիլի սկզբին Իսպանիայի կառավարությունը մեղմացրել էր բնակիչների համար տեղաշարժի արգելքը:
Գերմանիայում համաճարակի սկզբից ի վեր ապաքինվել է վարակակիրների 75%-ը:
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը նախօրեին հաղորդել էր, որ երկրում նկատվում է COVID-19 կորոնավիրուսի համեմատաբար կայուն իրավիճակ։