Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին' Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդության քննարկումը։

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է ապրիլի 29-ի երեկոյան։ Փաստաբանները, ստանալով մի քանի հատորից բաղկացած նյութերը, ողջամիտ ժամանակ են խնդրել դրանց ծանոթանալու և պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար: Սակայն, փաստորեն չսպասելով նիստին, երեկ՝ ապրիլի 30-ին, լայնածավալ քննչական գործողություններ են կատարվել Խաչատրյանների գրասենյակներում, բնակարաններում, անգամ զոքանչի տանը։ Ընդ որում՝ վերջին մի քանի ամսվա ընթացքում դա արդեն երկրորդ խուզարկությունն էր, քանի որ փետրվարին, երբ Գ.Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում էր կայացվել, նշված հասցեներում ԱԱԾ-ն արդեն խուզարկություն կատարել էր։

Հիշեցնենք նաև, որ դեռ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմնեի, ինչպես նաև առնչվող այլ անձանց նկատմամբ։ Եվ քանի որ, ըստ հաղորդագրության, Գուրգեն Խաչատրյանը հրաժարվել է ընդունել իրեն առաջադրված վերջնագրերը, այս գործողությունները ավելի քան սպասելի կարելի է համարել։