Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Մհեր Սեդրակյանը իր վարած BMW X5 մակնիշի 36 ՏM 852 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, շրջել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել գովազդային սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Սեդրակյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ, 30-ամյա Արայիկ Աղայանը, 29-ամյա Անդրանիկ Ջաբուրյանը և 30-ամյա Գառնիկ Բաղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհից հեռացրել են տապալված երկաթե ճաղավանդակներն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժամունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյաի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ, Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։