Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ռազմական շքերթը, որն անցկացվել է շաբաթ օրը Մինսկում, եղել է միակը նախկին Խորհրդային Միության տարածքում' հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն' ելույթ ունենալով մինչ շքերթի սկիզբը:
«Եվ թող Մինսկում այս տարի ռազմական շքերթը դառնա միակը հետխորհրդային տարածքում, այն կանցնի ի պատիվ բոլոր խորհրդային զինվորականների, որոնք ազատագրել են աշխարհը նացիզմից»,- ընդգծել է Լուկաշենկոն:
«Այս տոնը մեզ համար սրբազան է: Բելառուս ժողովրդի ողբերգությունը, որն իր ուսերին է կրել 20-րդ դարի ամենադաժան պատերազմի կորուստների և ավերածությունների հսկայական բեռը, չափելի չէ այսօրվա ոչ մի դժվարության հետ: Նույնիսկ ավանդույթները փոխելու միտքը, որոնք ահա արդեն 75 տարի փառաբանում են հաղթողների մեծագույն հերոսության պատմությունը, մեզ համար անընդունելի է»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:
«Մենք խոնարհվում ենք ռուսների և բելառուսների, ուկրաինացիների և հրեաների, տաջիկների և ուզբեկների, ղրղըզների և թուրքմենների, վրացիների, հայերի, ադրբեջանցիների և մոլդովացիների, լատվիացիների, լիտվացիների և էստոնացիների հերոսությունների առաջ: Խորհրդային Միության բոլոր բնակիչների, Եվրոպայի Դիմադրության շարժման մարտիկների, մեր դաշնակիցների' ԱՄՆ-ի, Անգլիայի և Չինաստանի»,- նշել է Լուկաշենկոն:
«Մենք եղբայրական ժողովուրդների հետ ընդմիշտ կապված ենք արյան կապով, որոնց հետ միասին մեր հայրերը և պապերը կանգնեցրին 20-րդ դարի աղետը»,- ընդգծել է նա:
Սակայն, նրա խոսքով, աշխարհը անտեսում է անցյալի ողբերգական դասերը: «Եվ որքան մենք հեռանում ենք Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններից, այնքան այն դառնում է ագրեսիվ և վտանգավոր: Մոլորակը շիկանում է զինված հակամարտությունների նոր օջախներով, դարձյալ մահանում են խաղաղ մարդիկ: Այդ ֆոնին վերածնվում են նացիզմի գաղափարները»,- մեկնաբանել է Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ դրա մասին են վկայում «ազատարար մարտիկների ավերված հուշարձանները, հիտլերյան հանցագործների հերոսականացումը, պատմական փաստերի աղավաղումը»:
«Բելառուսը խաղաղասեր և բաց երկիր է, բայց մեր պատմական փորձը ցույց է տվել, որ դիվանագիտությունը և միջպետական երկխոսությունը անհամոզիչ են առանց անվտանգության արդյունավետ համակարգի առկայության»,- նշել է Լուկաշենկոն:
Ըստ այդմ, «չնայած ժամանակակից մարտահրավերներին, տոնական շքերթը' նվիրված Հաղթանակի օրվան, ոչ թե ուժի ցուցադրություն է, այլ մեր հերոսական պատմության հիշատակի օր»,- հավելել է Լուկաշենկոն:
Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ռազմական շքերթը անցկացվել է Մինսկում: Ամբիոնի մոտ նախագահ Լուկաշենկոյի հետ միասին եղել են բարձրագույն պետական պաշտոնյաներ, այդ թվում' կառավարության և խորհրդարանի երկու պալատների ղեկավարներ:
Շքերթին մասնակցել են մոտ երեք հազար զինծառայող և տեխնիկայի ավելի քան 150 միավոր, օդային շքերթում մայրաքաղաքի գլխավերևում թռչել են 36 ինքնաթիռներ և ուղղաթիռներ: