Մեր տարածքում անասունը պահելիս ադրբեջանցիները իրենց դիրքից զենքերը բարձրացրել են ու ասել՝ լքե՛ք տարածքը, թե չէ կկրակենք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Խնածախ գյուղի հովիվներից մեկը՝ Նվեր Հակոբջանյանը:
Վերջինս ասաց, որ ադրբեջանցիները իրենց դիրքերում շատ են՝ մոտ 30 հոգի. «Նրանք մեզ հետ հաղորդակցվում են ռուսերենով: Սա առաջին դեպքն էր, երբ այդպես պահեցին իրենց, բայց ո՛չ կրակոց է եղել, ո՛չ իրենց դիրքից են իջել, միջադեպ չի եղել»,-ասաց Խնածախի բնակիչը՝ հավելելով, որ ադրբեջանցի զինվորների այդ պահվածքից հետո անասունները չեն հանել տարածքից:
«Մենք պատասխանել ենք՝ մեր տարածքն է, անասունները չենք հանելու՝ ուզում եք, կրակեք»,- ասաց Նվեր Հակոբջանյանը, նշելով, որ չեն վախենում ադրբեջանցի զինվորներից. «Այդ դեպքից հետո նույն տարածքով գնում ենք, նույն տարածքով գալիս, չենք վախենում»,-ընդգծեց նա:
Ըստ վերջինիս խոսքերի Խնածախի տղամարդիկ են հսկում սահմանի և գյուղի խաղաղությունը. «Մենք ողջ գիշեր զենքերով հսկում ենք մեր սահմանն ու գյուղը, որ ամեն ինչ կարգին լինի»,-նշեց Նվերը:
Մեր այն հարցին, թե կա՞ն ընտանիքներ, որոնք սամանին տիրող իրավիճակի պատճառով լքել են գյուղը, պատասխանեց. «Այո՛, կան ընտանիքներ, որոնք գյուղը լքել են, մոտ 2-3 ընտանիք են»,- ասաց Նվեր Հակոբջանյանը:
Զվարթ Պետրոսյան