Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների նախաձեռնությամբ, արգելել է թունդ ալկոհոլային ըմպելիքներ խմել Սեն-Մարտեն ջրանցքի և մայրաքաղաքի այլ գետերի ու ջրանցքների ափերին:
Այս որոշման պատճառը երկուշաբթի օրը Սեն-Մարտեն ջրանցքի ափամերձ գոտում քաղաքացիների չափազանց մեծ բազմության հավաքվելն էր, որոնք, «չպահպանելով սոցիալական հեռավորությունը և սանիտարական նորմերը», նշում էին խիստ կարանտինային միջոցառումների ավարտը՝ ալկոհոլային ըմպելիքներ խմելով:
«Քաղաքացիների անպատասխանատու պահվածքի պատճառով ես խնդրեցի ոստիկանապետին արգելել ալկոհոլի օգտագործումը ջրանցքի և այլ ջրատարների երկայնքով»,- հայտարարել է Կաստաները Twitter-ում:
Հաղորդվում է, որ Փարիզի ջրանցքների և գետերի ափերին ալկոհոլ խմելու արգելքն ուժի մեջ կմտնի մայիսի 12-ից: Իսկ թե որքա՞ն ժամանակ այն կգործի, չի հայտարարվել: