ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է նաև արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
«Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտների պաշպանության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու, օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով, ինչպես նաև ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած ՀՀ պարտավորությունների»,-ներկայացրեց Գաբրիելյանը:
Նախագծով սահմանվում է՝ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել: