ԱԳՆ-ից հերքում են տարածված տեղեկությունը, թե Լավրովն ու Մնացականյանը խոսել են Քոչարյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման հարցի շուրջ: «Տեղեկատվությունը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, թե հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտգործնախարար Մնացականյանի ու Լավրովի միջև։ Նշվում էր՝ ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: «Շատերի կարծիքով՝ խոսակցությունը հիմնականում եղել է Արցախի խնդրի բանակցային թեմայի վերաբերյալ։ Կրեմլի մեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ այսպես կոչված, «Մարտի 1»-ի գործով խափանման միջոցը չփոխելու դատական որոշմանը հաջորդած հեռախոսազրույցը Մնացականյանի հետ հիմնականում եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման հարցով։ Ռուսական կողմն ուղիղ տեքստով նշել է, որ հայ–ռուսական պաշտոնական հարաբերությունները և պետության առաջին դեմքերի միջև շփումները չեն կարգավորվի, քանի դեռ հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման ճարտարապետներից հանդիսացող Ռ․ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Դա պաշտոնական Երևանի կողմից որպես թշնամական մեսիջ է ընկալվում Մոսկվայում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով»,- ասվում էր կայքերի մեկի հրապարակած հոդվածում: