Ընդամենը 11 տարի առաջ էր, երբ Հայաստանի Հանրապետության և ՉԺՀ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Այս տարիների ընթացքում տասնյակ երկկողմանի այցեր իրականացվեցին, այդ թվում' 2010-ին Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց ՉԺՀ: Դա ուղիղ երեք տարի առաջ էր:
Եվ ահա արդյունքները այդ հանդիպումից երեք տարի անց, ինչպես ասում են ռուսները, на лицо. պարզվեց, որ Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման աշխատանքներ են մեկնարկելու. այս մասին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վավերացրել են տեխնիկական համաձայնագիր, որն էլ հենց ենթադրում է նմանօրինակ դպրոցի ստեղծումը:
Իհարկե, եթե համեմատության կարգով ընտրելու լինենք ֆեյսբուքի և Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման աշխատանքների միջև, միանշանակ սա կարող ենք գնահատել որպես քայլ առաջ ԿԳ նախարարի համար և ընդհանրապես ԿԳ նախարարության համար, բայց եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախագահների հանդիպման ժամանակ:
Այդուհանդերձ, նմանօրինակ մեծամասշտաբ նախագծի համար, միանշանակ, կառավարությունը մի կլորիկ գումար' վեց կամ ինը նշանոց, կհատցակցնի, կռահեք' որտեղից, ոչ, Արմեն Աշոտյանի գրպանից չէ, հենց ՀՀ պետբյուջեից' այսպիսով ձևակերպելով հերթական խոշոր չափերի հասնող թալանը սեփական պետությունից:
Իսկ ըստ էության, հարցի կարևորության գործակիցը կարելի է ընդունել 1, եթե ոչ 0 և ահա թե ինչու. նախ' հենց նույն ԿԳ նախարարության չակերտավոր ձեռքբերումները թվարկելիս արդեն իսկ կրթական ռեժիմը հայտնվում է ճգնաժամում, ասել է թե' հենց նույն Բոլոնյան գործընթացին ինտեգրվելը, 12-ամյա դպրոցը, ավագ դպրոց և նմանատիպ' իրականում մեզ համար ճգնաժամային որոշումներ, որոնք գնալով ավելի ու ավելի են բարդացնում թե՛ ուսումնառության որակը, թե՛ աշակերտներին կրթելու այն համակարգը, որը գործում էր նախորդ տարիներին:
Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը տեսանյութ տեղադրեց «Սամվել Ալեքսանյանի «տունը» վերնագրով. հետաքրքրականն այն է, որ տեսանյութում տղամարդը կարծիք է հայտնում այսօրվա կրթական մակարդակի մասին և այն համեմատում երեք երինջից ստացված եկամտնի հետ. «Հիմա երեք հատ էրինջ պահեմ, վարձը տամ, իմ երեք երեխեն էլ կգնան լուբոյ տեղ կավարտեն»:
Իրականում, չնայած անձնավորության կրթական ոչ այնքան բարձր մակարդակին, որն արտացոլվում է գոնե միայն խոսելուց, կարելի է ասել, որ այսօր ուսումը մեր պետությունում դարձել է մեկ էրինջի գնին, այսինքն' բուհերը այսօր որպես այդպիսին չեն կատարում տրամաբանությանը ենթարկվող, ի սկզբանե իրենց վստահված պարտավորությունները: Այդ մասին գիտեն բոլորը, այդ իսկ պատճառով էլ այսօր ուսանողության երբեմնի բարձր մակարդակը իջել ու շարունակում է արագ տեմպերով իջնել, որը և իհարկե ազգային կարևորագույն անվտանգության խնդիր է: Համալսարանը պետք է ոչ թե փող տվողներով լցնել, որքեր, այնուհետև փոխելով բուհի կոլորիտը, այն վերածում են բիսետկի, այլ, թեկուզ փող չունեցող, բայց սովորողներով:
Իսկ ԿԳ նախարարությունն այդ ընթացքում զբաղվում է պարադոքսալ գործունեությամբ. կրթության համակարգում առկա գաղջ մթնոլորտը վերացնելու փոխարեն այսօր չինարենի ուսուցմամբ ավագ դպրոց են ստեղծում: Իհարկե, բավականին հեռանկարային է ՉԺՀ-ի տեղն աշխարհում, և նույնքան էլ հեռանկարային կարող է համարվել այդ լեզվին տիրապետելը, սակայն մինչ այդ ինչո՞ւ չվերացնել այն արատները, այն թերությունները, այն բացթողումները, որոնք առկա են համակարգում, և նոր անցում կատարել այդ աստիճան կարևոր նախագծի իրականացմանը, չէ՞ որ անհրաժեշտ է որակի ստանդարտին համապատասխան մակարդակ ձեռք բերել, ապա նոր միայն ոլորտում իրականացնել այդչափ կարևոր նախագծեր:
Այնինչ, Հայաստանում անտեսվում ու անտերության են մատնվում նմանօրինակ սուղ լուծման կարիք ունեցող կարևորագույն հարցեր: Անընդհատ հետաձգելով լուծումը' ԿԳՆ-ում իրականացնում են միայն ԿԳ նախարարի վարկանշային հաշվարկներն ու տարբեր չափող ընկերությունների' ԿԳ նախարարի ՖԲ-ում դիտելիության աստիճանը, իհարկե, ցավոք…
Գևորգ Ավետիսյան