ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցի 8 ուսուցչի, իսկ ավագ դպրոցի մեկ ուսուցչի մոտ կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվել:
Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Բուդաղյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ իրենց դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել. «Ինքը երեկ եկել է դպրոց և, իմանալով թեստի պատասխանի մասին, անմիջապես գնացել է տուն և ինքնամեկուսացել: Չենք էլ հասցրել շփվել, չնայած որ բոլորս եղել ենք դիմակներով, ախտահանված: Ինքն էլ չգիտի, թե որտեղից է վարակվել, նույնիսկ կասկածում է, քանի որ օրինակ Գյումրիի դպրոցի դեպքը սխալ էր եղել: Ուստի ուսուցիչը խնդրեց կրկնակի թեստ անել, բայց քանի որ դա թանկ արժի և ինքը պետք է անի չարեց, քանի որ դրա հնարավորությունը չունի»,- ասաց Բուդաղյանը:
Թեև մի քանի աղբյուրից ճշտեցինք Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչների մոտ կորոնավիրուսի զանգվածային վարակման դեպքի մասին լուրը, սակայն դպրոցի տնօրեն Փարսադան Ալեքսանյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե չի կարող վստահ լինել, որ իր հետ խոսողը լրագրող է: Մեր տեղեկություններով դպրոցը 10 օրով փակվել է:
Սոնա Հարությունյան