Որոշ ժամանակ առաջ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետազոտություններ իրականացվելու են միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում։ Չնայած սրան՝ տեղեկություններ կան, որ այլ հաստատություններ ևս իրականացնում են հետազոտություններ՝ վճարովի հիմունքներով։ ԼՈՒՐԵՐ.com-ը հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել այն հաստատությունների ցանկը, որոնք իրավասություն ունեն վճարովի հիմունքներով իրականացնելու կորոնավիրուսի առկայությունը հաստատելու կամ հերքելու արագ թեստեր, ինչպես նաև հետաքրքրվել էինք՝ որքանո՞վ են հավաստի դրանց արդյունքները։ Ի պատասխան մեր հարցման՝ նախարարությունից հայտնել են, որ լաբորատոր հետազոտություններ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով: Նկատենք, որ նշված կենտրոններից «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը նախարար Թորոսյանի ընկերն է, իսկ «Նատալի ֆարմ»-ը՝ ներկայիս իշխանության կողմից արտոնյալ օլիգարխ Սամվել Ալեքսանյանինը։
Քանի որ նախարարությունն անտեսել է վճարի հիմունքներով թեստերին վերաբերող մեր հարցը, ուստի կրկին կապ հաստատեցինք նախարարության մամուլի խոսնակի հետ, որը փոխանցեց՝ նախարարի կողմից եղել է ցուցում, որ վճարովի թեստեր պետք չէ իրականացնել․ «Արգելվել է մյուս կենտրոններում վճարովի թեստեր իրականացնել, դրանք չեն խրախուսվում»,- ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Հարցին՝ արդյոք վերահսկողություն իրականացվո՞ւմ է, խոսնակն ասաց՝ նախարարությունը ոչ, այլ մարմիններ՝ գուցե։
Թեև նախարարության կողմից ներկայացված ցանկում չկա «Վարդանանց» բժշկական կենտրոնի անունը, սակայն դեռևս ապրիլ ամսվա կեսերին այստեղից մեզ հայտնել էին, որ իրենց մոտ արվում են թեստեր և, ով ցանկանում է թեստ հանձնել, սակայն չունի նախարարության ցուցումը, կարող է փարատել կասկածները՝ վճարելով որոշակի գումար: Ավելին՝ փոխանցել էին նաև, որ կիրառվող թեստերին հավանություն են տվել նաև ՀՀ առողջապահության նախարարությունից և կառավարությունից: ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց կենտրոնի մամուլի պատասխանատու Անահիտ Հայթայանի հետ՝ պարզելու, թե արդյոք նախարարի ցուցումից հետո «Վարդանանց»-ում թեստավորում արվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Տեղյակ չեմ, ես հեռավար եմ աշխատում, չեմ առնչվել այդ հարցին։ Քիչ հետո զանգեք, մինչև ճշտեմ»,- ասաց Հայթայանը՝ այդպես էլ անպատասխան թողնելով մեր բազմաթիվ զանգերը։ Մեր հարցերի պատասխանը ստանալու համար զանգահարեցինք «Վարդանանց» կենտրոն, ներկայանալով քաղաքացի՝ պարզեցինք, որ ԲԿ-ում անցկացվում են և՛ ՊՇՌ (արժեքը՝ 25 000 դրամ, պատասխանը՝ 3 օրից), և՛ Rapid (արժեքը՝ 20 000 դրամ, պատասխանը՝ 20 րոպեից) տեսակի թեստեր։ Իսկ թե ինչպես է ստացվում, որ նախարարի հրահանգը չի ազդել որոշների վրա, հետևությունների տեղիք է տալիս, հատկապես, որ «Վարդանանց» ԲԿ-ն պատկանում է Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին, որը ջերմ հարաբերություններ ունի ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Ահա, թե ովքեր են ոլորտի արտոնյալները։