«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ ՊՆ համարանիշներով մեքենա վարելը Հայաստանում տարիներ շարունակ եղել է արտոնություն, որից օգտվել են անգամ նախարարության հետ առնչություն չունեցող անձինք: Նախ՝ այդ մեքենաներին ճանապարհային ոստիկանության տեսուչները չեն կանգնեցրել եւ տուգանել, բացի այդ' ՊՆ պետհամարանիշով մեքենաների վարորդները չեն տուգանվել նաեւ տեսախցիկների արձանագրած խախտումների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով' ապրիլյան պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդկանցից, այդ թվում պաշտոնաթող բարձրաստիճան սպաներից ետ են վերցրել ՊՆ համարանիշները: Դրանցից ունեցել են գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, եւ այլք:
Հիմա էլ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարար Վիգեն Սարգսյանը հրահանգել է, որ նախարարության համարներով կարող են ազատ երթեւեկել միայն գործող վարչության պետերը, նրանց տեղակալները եւ առանձին բաժնի պետերը: Բացի այդ' նա հրահանգել է արձանագրված խախտումների համար տուգանքների ծանուցագրերն անպայման ուղարկել հասցեատերերին:
Փաստորեն, Հայաստանի իշխանություններին մեկ ապրիլյան պատերազմ էր պետք, որպեսզի ուշքի գան եւ գոնե բանակի առումով վերջ դնեն ապօրինություններին, արտոնյալ կարգավիճակին եւ այսպես շարունակ»:
Ավելի մանրամասն' «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: