Մեծ Բրիտանիայի Դենչվորթ գյուղում (Օքսֆորդշիր կոմսություն) խորհրդավոր բարեգործն ի սկզբանե անվճար կերակրել է գյուղի բնակիչներին, իսկ հետո գումար առաջարկել նրանց, ովքեր կնիհարեն: Այս զարմանալի պատմության մասին գրել է The Daily Telegraph-ը:

Այսպես, անհայտ մեծահարուստը երկու երկու ամիս առաջ ամեն ուրբաթ ձուկ և կարտոֆիլի ֆրի է հյուրասիրել գյուղի բնակիչներին: Նշվում է, որ ուտեստը պատրաստել են տեղի 17-րդ դարի փաբի խոհարարները:

Բարեգործը հոգացել է սնունդի և առաքման ծախսերը, որպեսզի օգնի Դենչվորթի բնակիչներին և տեղի փաբին՝ հաղթահարել կարանտինի պատճառով առաջացած ծանր հետևանքները: Այժմ էլ տղամարդն առաջարկում է 100 ֆունտ ստեռլինգ նրան, ով երկու ամսում՝ մինչև օգոստոսի 1-ը, կնիհարի իր քաշի 10%-ով:

Նշվում է, որ գումարի մի մասը կտրվի միանգամից, իսկ մյուս մասը վեց ամիս անց՝ այն պայմանով, որ նիհարած անձը կրկին քաշ հավաքած չլինի: Գումարը կարելի է ծախսել միայն տեղի փաբում:

Պարբերականի հաղորդմամբ՝ խորհրդավոր բարեգործը փորձում է օգնել գյուղի բնակիչներին ազատվել ավելորդ քաշից, որպեսզի ճարպակալումն ավելորդ բարդացումներ չստեղծի կորոնավիրուսով վարակվելու դեպքում:

Այնուամենայնիվ, Դենչվորթում դեռ COVID-19-ի դեպք չի գրանցվել: