«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող չօգտագործվող հանքախորշում անցած գիշեր շմոլ գազից մահացած երեք երիտասարդ հորեղբոր տղաներից կրտսերի՝ 27-ամյա Արամ Գոգոլյանի հայրը ևս հանքում թունավորվելու հետևանքով է մահացել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Մեղրաձորի բնակիչներից մեկը։
«Մոտ 5 տարի առաջ էլի նման դեպք է եղել, հանքում մարդ է մահացել, Արամի հայրը մտել էր, որ դիակները հանի, շմոլ գազից թունավորվել էր, ու խփել էր սրտին։ Երկար տարիների հիվանդությունից հետո մահացավ։ Արամն ապրում էր մոր և 2 եղբայրների հետ, ինքը տան մեծն էր, մի եղբայրը 25 տարեկան է, իսկ փոքրը բանակում է, մի քանի օրից պետք է զորացրվի և տուն վերադառնա»,– պատմեց մահացածի համագյուղացին։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 10-ի գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ հանքահորի գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի խումբ քաղաքացիներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։