Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ 2018 թվականին իր կողմից՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու միջնորդությունը հետ վերցնելու որոշումը կայացվել է վարչապետի գրությունից հետո: Իսկապես, Դավթյանը հայտարարել էր, որ իր որոշումը փոխվել է հենց վարչապետի նամակից հետո, միևնույն ժամանակ նա կասկածի տակ չէր առնում այն հանգամանքը, որ Փաշինյանի դեմ ներկայացված միջնորդությունը ուներ ամուր իրավական հիմքեր:
Կամա, թե ակամա գլխավոր դատախազը ընդունում է այն հանգամանքը, որ թե՛ միջնորդութուն ներկայացնելը, թե՛ միջնորդությունը հետ վերցնելը եղել է քաղաքական որոշման արդյունքում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ վերջերս լրագրողների հետ կարճատև զրույցի ընթացքում հայտարարեց, որ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հետ եղել են որոշակի պայմանավորվածություններ, և դրանք չեն խախտվել: Ըստ էության, այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Կարեն Կարապետյանի՝ ՔԿՀ այցելելու ընթացքում, երբ նա, ի վերջո, դուրս եկավ այնտեղից՝ հենց հեղափոխության առաջնորդի հետ: Այդ պահը վճռորոշ եղավ հեղափոխության վերջնական հաղթանակի համար: Չի՞ ստացվում արդյոք, որ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը հետ կանչելը հենց այդ պայմանավորվածության մի մասն էր, հետևաբար Արթուր Դավթյանը իսկապես կատարել է այն ժամանակ վարչապետի ԺՊ Կարեն Կարապետյանի քաղաքական հրահանգը, մի հանգամանք, որը այսօր Արթուր Դավթյանը համառորեն ժխտում է...