Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում այս օրերին ընթացող Միջազգային տնտեսական համաժողովին։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Վերջինիս շրջանակներում կազմակերպված «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանն Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով։
ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, անդրադարձել է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ բիզնեսի դեմ կիրառվող հանցավոր ոտնձգություններին, դրանց կանխարգելմանը, առկա մարտահրավերներին և տնտեսվարողների իրավունքների պաշտպանությանն ուղղված պետությունների ձեռնարկած պայքարի կառուցակարգերին:
Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նման դրսևորումների հակազդման, քրեաիրավական պայքարի հայաստանյան փորձը, բիզնեսի հայաստանյան ներպետական իրավական պաշտպանության համակարգը: Շետադրում է կատարվել Հայաստանում ազատ տնտեսավարման և ներդրումների իրավական պաշտպանության ուղղությամբ իրականացված բարեփոխումների վրա:
Ֆորումի ընթացքում քննարկվել են բիզնեսի զարգացման, տնտեսվարողների իրավունքների պաշտպանության միջոցների ունիվերսալացման, դրանց խոչընդոտող՝ հատկապես հաղորդակցային տեխնոլոգիաների միջոցով իրականացվող հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության, փորձի փոխանակման մեխանիզմների կատարելագործման խնդիրները: