Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան առաջին փորձնական պատվաստանյութ ստացած 18 կամավորներից մեկը պատմել է պատվաստումից հետո իր զգացողությունների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությանը: 

 

«Ամեն ինչ լավ է, սովորական ներարկում էր, ցավ չկա, ես ոչինչ չեմ զգում: Ես դրանում հերոսական որևէ բան չեմ տեսնում», - ասել է նա: 

Հինգշաբթի օրը ավելի վաղ հայտնի դարձավ, որ 18 ռուս զինծառայողներից բաղկացած կամավորների խումբ է  պատվաստվել: Ուսումնասիրությունն իրականացվել է ակադեմիկոս Բուրդենկոյի անվան հիմնական ռազմական կլինիկական հիվանդանոցում: Թեստի մասնակիցները բաժանվել են ինը հոգուց բաղկացած երկու խմբի՝ յուրաքանչյուրը պատվաստանյութի տարբեր բաղադրություններ ստանալու համար: Պաշտպանության գերատեսչությունը հավելել է, որ կամավորներից ոչ մեկը չի բողոքել իր վիճակից։ Նրանք չեն նկատել անբարենպաստ ռեակցիաներ և բարդություններ: Փորձի մասնակիցները պարբերաբար չափում են ջերմաստիճանը, զարկերակը, շնչառության մակարդակը և այլ ցուցանիշներ: Նախկինում այս պատվաստանյութը փորձարկվել է մեծ և փոքր կենդանիների վրա։