Այսօրվանից ԵՄ անդամ երկրները բացում են իրենց սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար: Սահմանափակումները հանվելու են նաև Վրաստանի քաղաքացիների համար, քանի որ Եվրամիությունը Վրաստանին ճանաչել է որպես անվտանգ երկիր: Այս մասինն հայտնում է Aliq.ge-ն
«ԵՄ անդամ երկրները շուտով համապատասխան չափորոշիչներ կտրամադրեն անվտանգ ցուցակի մեջ գտնվող երկրներին, որպեսզի երկու ուղղությամբ էլ քաղաքացիները անվտանգ տեղափոխվեն», — ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Վրաստանից բացի, Եվրամիությունը կբացի սահմանները նաև Ալժիրի, Ավստրալիայի, Կանադայի, Ճապոնիայի, Չեռնոգորիայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Սերբիայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Թունիսի և Ուրուգվայի համար:
Համաձայն Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի՝ օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը Վրաստան նույնպես պետք է հուլիսի 1-ից վերսկսեր: Անցյալ շաբաթ, սակայն, հայտարարվեց, որ կանոնավոր չվերթները հետաձգվելու են մինչև օգոստոսի 1-ը: Դրա պատճառը, ըստ վրացական կառավարության, մի շարք երկրներում համաճարակային իրավիճակի վատթարացումն է: