Հայաստանում  կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` հանրային բաց եւ փակ տարածքներում դիմակ կրելն արտակարգ դրության պարետի որոշմամբ մայիսի 18-ից դարձել է պարտադիր: Իշխանություններն ամեն կերպ փորձում են համոզել քաղաքացիներին, որ դիմակներ կրեն. դիմակով սելֆիներից մինչեւ վարչապետի մակարդակով փողոցում դիմակներ բաժանվեց:

 

Այնուամենայնիվ, իշխանություններն այսքանով չեն բավարարվել եւ հարկատուների հաշվից շուրջ 15 մլն դրամ են վճարել Երեւանի ու մարզերի փողոցներում «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» կարգախոսով պաստառներ փակցնելու համար: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկանում է Գնումների պետական համակարգից:

Այդ պաստառները պատվիրելու եւ փակցնելու համար վարչապետի աշխատակազմը տպագրական աշխատանքներով զբաղվող հինգ ընկերությունից ծառայություններ է ձեռք բերել: Ուշագրավ է, որ գնումները կատարվել են առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով:

Այսպես, նշյալ շուրջ 15 մլն դրամի զգալի մասը բաժին է հասել «Աութդոր Էֆեկտ» ՍՊԸ-ին: Կառավարությունը միայն այս ընկերությունից 5 մլն 228 հազար դրամի՝ «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» պաստառներ է պատվիրել:

Ի դեպ, ԼՈւՐԵՐ.com-ին Դատալեքս տեղեկատվական համակարգից հայտնի դարձավ, որ «Աութդոր Էֆեկտ» ՍՊԸ-ն անցած տարի դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին:

Ընկերության պահանջը Երևանի քաղաքապետի թիվ 1184-Ա որոշումն անվավեր ճանաչելն էր, սակայն դատարանը մերժել է պահանջը:

Նույն ծառայությունները 3 մլն 450 հազար դրամի շրջանակներում մատուցել է նաեւ «ԻՄԻՋ Մ.Գ.» ՍՊԸ-ն: Ընկերությունը գրանցված է Գյումրիում: Ի դեպ, այս ընկերությունը ներգրավված է եղել նաեւ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հայտնի պաստառների տարածման գործում:

«ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ-ն էլ մեկ պաստառը մոտ 37 հազար դրամով է տրամադրել կառավարությանը, ընդհանուր կառավարությունից ստացել է 3 մլն 121 հազար դրամ:

«Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունը, որը նույնպես ներգրավված է եղել «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հայտնի պաստառների տարածման գործում, «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» գովազդային արշավի շրջանակներում կառավարությունից ստացել է մոտ մեկ մլն դրամ:

Մեկ միլիոն դրամի ծառայություններ էլ մատուցել է «ԷԳԱ ՍՊԸ»-ն եւ կես միլիոն դրամի՝ «Եվրո Ստուդիո» ընկերությունը: