Վերջին օրերին համացանցում լայն տարածում գտավ այն հայտարարությունը, թե մոտ օրերս «Կյանքի խոսք» աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը' պահանջելով, որ իրենց օրեր հատկացվեն, որպեսզի եկեղեցիներում ծեսեր անեն:

ԼՈՒՐԵՐ.com- ը զրուցեց «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանի հետ, որը հերքեց այդ հայտարարությունը. «Այդ տեղեկատվությունը բացարձակապես ճիշտ չէ և իրականությանը չի համապատասխանում: Մենք ինչո՞ւ պետք է դիմենք ՀՀ կառավարությանը առաքելական եկեղեցում մեզ ժամեր տրամադրելու համար, եթե մենք ունենք մեր եկեղեցին»,- պարզաբանեց մամուլի խոսնակը:

Արմեն Լուսյանը ընդգծեց նաև, որ համաճարակով պայմանավորված իրենք հավաքույթներ չեն իրականացնում. «Մենք օրինապահ եկեղեցի ենք և հետևում ենք համաճարակային կանոններին, քանի դեռ կան սահմանափակումներ հանրային միջոցառումների նկատմամբ, եկեղեցական հավաքույթներ չենք իրականացնում»,- ընդգծեց մամուլի խոսնակը և տարածված խոսակցությունները ամբողջությամբ սադրանք որակեց: Նա համարում է, որ կոնկրետ դիտավորություն կա այդ ինֆորմացիան տարածելու մեջ. «Այդ ամենը սադրանք է նրանց կողմից, ովքեր տարածում են այդ սխալ տեղեկությունը»,- եզրափակեց «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը: