Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 1-ի նիստում սահմանել է Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը: Ըստ այդմ, նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
Կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով' ժամը 13:30-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով, հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և մինչև 50 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում'
ապրիլի 7-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ (4 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 1 րոպե վճարովի հիմունքներով,
ապրիլի 11-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (20 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով,
մայիսի 1-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ (3 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով' հանրային ռադիոն տրամադրում է 50 րոպե անվճար և մինչև 80 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում'
ապրիլի 7-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ(4 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով,
ապրիլի 11-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (20 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 3 րոպե վճարովի հիմունքներով,
մայիսի 1-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ (3 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով։
Վիճակահանությամբ սահմանվել է նաև Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
Ըստ այդմ, նախընտրական քարոզչության առաջին օրը' ապրիլի 7-ին, հանրային հեռուստատեսությամբ առաջինը եթերաժամից կօգտվի ՀՀԿ-ն, իսկ հանրային ռադիոյով' «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:
Քարոզչության վերջին օրը' մայիսի 3-ին, հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով վերջինը եթերաժամը կտրամադրվի ՀՅԴ-ին: