Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության պաշտոնական հեռարձակողն է:
Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու առաջնության բոլոր խաղերը՝ հունիսի 12-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր օր 3-ական խաղ, որոնք հիմնականում կհեռարձակվեն ժամը 20:00-ին, 23:00-ին, 02:00-ին: Ֆուտբոլային խաղերը կմեկնաբանեն Առաջին ալիքի սպորտային մեկնաբաններ Սլավա Սարգսյանը, Կարեն Գիլոյանը, Մենուա Մեհրաբյանը և Ռոբերտ Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Առաջին ալիքի եթերում հեռուստադիտողները հնարավորություն կունենան հետևելու ինչպես ֆուտբոլային խաղերին, այնպես էլ ամենօրյա օրագրերի միջոցով ամփոփելու նախորդ օրվա գրանցված արդյունքները, հասարակական-մշակութային, քաղաքական սիրված գործիչների հետ էլ կանխատեսումներ անել տվյալ օրվա խաղերի մասին:
Բրազիլիա-Խորվաթիա բացման խաղը կարող եք դիտել հունիսի 12-ին՝ ժամը 24:00-ին, իսկ մինչ այդ' ժ. 11-00-ին կմեկնարկի ֆուտբոլային երեկոն:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության այս մրցաշարը հոբելյանական է: 20-րդ մունդիալն այս անգամ անցկացվում է Բրազիլիայում: Մրցաշարին մասնակցում են 32 թիմեր: Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնն Իսպանիայի հավաքականն է: