Երեկ, հուլիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել, և նրան հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ովքեր գյուղի 20-ից ավելի բնակիչների և «Ջրառ» ՓԲԸ-ի 15-ից ավելի աշխատակիցների հետ մոտ 9 ժամ ջրանցքի մի քանի կիլոմետրերի վրա կատարել են որոնողական աշխատանքներ։
Ի վերջո՝ ժամը 18։40-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 37-ամյա Արայիկ Հ․-ի դին։
Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը։
Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ տղամարդը անզգուշաբար ջրանցքն է ընկել, երբ իր տղայի հետ այցելել է նշված վայր։