Երեքշաբթի օրը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անցկացրել է մշտական խորհրդի նիստ, որի ընթացքում կազմակերպության հայաստանյան լիազոր ներկայացուցիչը խոսել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայտենդինովը:
«Այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ։ Հանդիպման ընթացքում ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բյագովը։ Նա տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և զինված բախումների մասին և կոչ է արել ՀԱՊԿ անդամ երկրներին աջակցություն ցուցաբերել»,- ասել է Զայնետդինովը։
Նշենք, որ Մշտական խորհրդի նիստին մասնակցել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Ավելի վաղ, ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ անհանգստություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման կապակցությամբ, որը ծագել էր հուլիսի 12-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև զինված բախումից հետո։ ՀԱՊԿ-ն նշել է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ պետություն է:
Երկուշաբթի օրը ՀԱՊԿ֊ն հրավիրեց կազմակերպության մշտական խորհրդի արտակարգ նիստ, որը կապված էր հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման հետ։ Հետագայում այն հետաձգվեց՝ կապված իրավիճակի քննարկման համար խորհրդակցությունների ձևաչափի հետ։
ՀԱՊԿ-ն ընդգրկում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: