Այսօր դիմորդներից շատերի ծնողները հավաքվել էին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դիմաց: Ծնողները բողոքում էին, քանի որ, ինչպես իրենք էին նշում, 7-8 միավոր ստացած դիմորդներն ընդունվել էին համալսարան, իսկ 16 միավոր ստացածները՝ ոչ: Ծնողներն անգամ հանդես եկան առաջարկով, այն է՝ համալսարան չընդունված դիմորդներին թույլ տալ նորից քննություն հանձնել:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ՝ պարզելու այն բոլոր հարցերը, որոնք այդպես էլ ստվերում էին մնացել ծնողների համար:
«Այս տարի սկզբունքը փոխվել էր, առաջին հայտի գերակայություն կար, այսինքն` որ հայտում, որը գրել էին 1-ինը, նախ 1-ին հայտով դիմածներն են ընդունվում, հետո, եթե թափուր տեղ է մնում, 2-րդ, 3-րդ հայտերում դիմածներն են ընդունվում: Այդ պատճառով էլ 1-ին հայտով, ով դիմել է կոնկրետ մասնագիտություն, ինքն է անցել»,- պարզաբանեց ռեկտորը:
Ռեկտորի հետ զրույցում մենք անդրադարձանք նաև ծնողներից մեկի այն դիտարկմանը, որ իր երեխայի անունը որևէ հայտի դիմաց տեղ չի գտել, ռեկտորը հորդորեց նման խնդիր ունեցողներին անհապաղ դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն. «Ինչպես գիտենք, ընդունելությունը իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը, ես չեմ կարող ասել, թե կոնկրետ երեխայի պարագայում ինչպես ա ստացվել, թե 1-ին հայտով ուր ա դիմել, 2-րդ հայտով ուր ա դիմել. էդ տվյալների բազան գտնվում է կենտրոնում, և թող գնան պարզեն, թե ինչ խնդիր կա, որ որևէ հայտով չեն ընդունվել»,- ընդգծեց Հարությունյանը:
Ռեկտորը բացառեց քննությունները նորից անցկացնելու տարբերակը. «Քննությունները, միանշանակ, նորից չեն կարող անցկացվել, բայց կա 2-րդ փուլ և թափուր տեղերը, որոնք մնացել են, կարող են նորից հայտ ներկայացնել: Նշեմ, որ թափուր տեղերը Գնահատման և թեստավորման կենտրոնում հրապարակված են, և եթե իրենց հետաքրքրում են այդ թափուր տեղերը և չեն կտրվել, կարող են դիմել էն մասնագիտությունների համար, որոնք առկա են»,- եզրափակեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը: