Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը համարվում է նոր իշխանությունների ամենագործունյա մարզպետներից մեկը: Վերջինս իսկապես անչափ ակտիվ է, սակայն նշենք, որ այդ ակտիվությունը հիմնականում արտահայտվում է ոչ թե գործով, այլ՝ սոցիալական ցանցերում տարաբնույթ, շատ դեպքերում էլ սկանդալային գրառումներ անելով: Եթե այդ ամենը համեմված լիներ ռեալ արդյունքով, որը կտար մարզպետ Սանոսյանը, ապա ինչ խոսք՝ սոցցանցային ակտիվության վրա կարելի էր աչք փակել:
Սակայն, հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ ռեալ աշխատանք է կատարվել մարզում Սանոսյանի մարզպետ նշանակվելուց ի վեր: Բանն այն է, որ մարզպետարանի պաշտոնական կայքում տեղ գտած բոլոր նորություններն ապառնի ժամանակով են՝ կկառուցվի, կվերականգնվի, կիրականացվի, կհիմնվի: Իր նախորդ տարվա ասուլիսի ընթացքում մարզպետը բողոքում էր, որ կադաստրային խնդիրները խոչընդոտում են մարզում բիզնես միջավայրի զարգացմանը: Ի՞նչ որ քայլեր արվել են այդ խնդիրները լուծելու ուղղությամբ:
Կամ ինչու մինչ օրս չկան պաշտոնական թվեր, թե որքան ներդրում է եկել մարզ Սանոսյանի ղեկավարման ընթացքում: Չէ՞ որ վերջինս խոստանում էր մարզում ներդրումային բում կազմակերպել: Դեռ մի բան էլ մարզպետը սրտնեղում էր գյուղացիներից, ովքեր, ըստ նրա, նեղացնում են ներդրողներին՝ չցանկալանով տրամադրել անմշակ հողերը: Մարզպետը խոսում էր ներդրումներից` խոստանալով, որ մոտ ապագայում մարզ են այցելելու արաբական և չինական պատվիրակությունները, և ներդրումների հարցը դեռևս նոր-նոր կարող է միս ու արյուն ստանալ: Այսինքն` մեկ ու կես տարվա մեջ մարզպետին այդպես էլ չի հաջողվել քիչ թե շատ խոշոր ներդրում բերել մարզ, բայց փոխարենը՝ այլ ոլորտներում տիտանական աշխատանք է կատարվել, օրինակ` բացվել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Բացի այդ, մարզը, ըստ Սանոսյանի, պետք է վերածվեր էկոմարզի: Հատկապես Սևանա լճի ծաղկած և կանաչած վիճակը, ինչ խոսք, նպաստում է այդ ծրագրի իրականացմանը: Մարզպետը նաև պետք է գտներ Սևանա կղզում ապօրինի օբյեկտների սեփականատերերին, սակայն, ինչպես երևում է, այս հարցում նա նույնպես չի շտապում՝ սեփականատերերը հանգիստ են, օբյեկտները՝ տեղում:
Ըստ Սանոսյանի՝ իր ղեկավարած մարզը ունի զարգացման երեք հիմնական ուղղություն՝ տուրիզմը, գյուղատնտեսությունը և այլընտրանքային էներգետիկան: Թե այս ոլորտներում ինչ է արվել՝ նույնպես հասկանալի չէ: Ըստ Սանոսյանի՝ մարզպետարանը 13 կառույցում աուդիտ է անցկացրել, ընդ որում` նաև հենց մարզպետարանում: Պարզից էլ պարզ է, որ աուդիտի նպատակը նախկինների վրա կեղտ գտնելն էր, սպասենք, տեսնենք, թե ի վերջո ինչ են գտել: Ըստ մարզպետի՝ մեծ թվով չարաշահումներ են հայտնաբերվել, գործեր են ուղարկվել դատախազություն, սակայն այդ մասին իրավապահ մարմինները դեռ համեստորեն լռում են…