2018թ. երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը հանգեցրեց մի շարք պաշտոնանկությունների, այդ թվում' մարզպետարաններում: 2018թ. հոկտեմբերին Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Տրդատ Սարգսյանը, ով պաշտոնավարումից մեկ տարի անց հրաժարական ներկայացրեց: Սարգսյանի հրաժարականի պատճառը հանդիսանում էր սեպտեմբերի 18-ի գիշերը Եղեգնաձոր քաղաքում զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը, որից հետո Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել էր: Տրդատ Սարգսյանի հրաժարականից հետո Վայոց ձորի մարզպետ նշանակվեց փաստաբան Արարատ Գրիգորյանը, ով մինչ այդ զբաղվում էր Վայոց ձորի նախկին մարզպետ Սարգսյանի օգնականի՝ Հարություն Գրիգորյանի պաշտպանությամբ ծեծկռտուքի գործով։ Ստանձնելով Վայոց ձորի մարզպետի պաշտոնը՝ Արարատ Գրիգորյանը դադարեցրել էր պաշտպանել նախկին մարզպետի օգնականի շահերը:
Մամուլում այս ընթացքում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ մարզպետարանում ստեղծվել են «ֆեյք» հաստիքներ: Մասնավորապես, քաղաքացիներից մեկի պնդմամբ՝ մարզպետարանում ստեղծվել են «ֆեյք» հաստիքներ' իշխանական ուժի ներկայացուցիչների մտերիմներին և «հեղափոխության» իրականացման մեջ իրենց «ավանդը» ներդրած անձանց «տեղավորելու» համար։
«ֆեյք» հաստիքներ բացելուց զատ, մարզպետը լծվել էր նաև հանքաարդյունաբերողների լոբբինգին: Մասնավորապես, Վայոց ձորի մարզպետարանը դատի է տվել Ջերմուկի և Եղեգնաձորի ավագանիներին: Մարզպետարանը ՀՀ վարչական դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ավագանիների որոշումները՝ Ջերմուկը, Եղեգնաձոր համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքներում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ: Մինչ այդ, Վայոց ձորի մարզպետարանը դատի էր տվել նաև իրենց համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելող որոշումներ ընդունած Արենիի և Գլաձորի համայնքների ավագանիներին: Ի դեպ, դատարանը Գլաձորի ավագանու դեմ հայցը մերժել է: Ինչպես հասկանում ենք՝ Վայոց Ձորի մարզպետը որևէ ցանկություն չունի իր մարզը էկոլոգիապես մաքուր տեսնել և զբաղված է միայն հանքաարդյունաբերողների շահերի պաշտպանությամբ՝ դատի տալով սեփական մարզի համայնքներին:
Մարզ որևէ լուրջ ներդրումային ծրագիր չբերած մարզպետը անչափ ակտիվ է մարզի՝ առանց այդ էլ սուղ բյուջեն ծախսելու հարցում: Մասնավորապես, միայն այս տարվա սկզբից մարզպետարանաը Եղեգնաձորի սպիտակ տուն ԱԿ-ից ձեռք է բերել 444,350 դրամի տնտեսական ապրանքներ, Ա/Ձ Վարդան Պողոսյանից շուրջ 756,000 հազար դրամի ավտոմեքենաների պահպանման ծառայություններ, Մարինե Հայրապետյանից ՝ 379,000 դրամի տրանսպորտային նյութեր: 2020-ին էլ, օրինակ, 205,000 դրամի ցուցադրման համար նախատեսված պահարան էր ձեռք բերվել, ինչպես նաև՝ 605,788 դրամի գրենական պիտույք, 210,740 դրամի կենցաղային ապրանքներ:
Ահա այսչափ խնայողաբար է ՔՊ-ական մարզպետը վերաբերվում հարկատուների գրպանից մարզի բյուջե եկած գումարներին և այսչափ լուրջ էլ, ինչպես համոզվեցինք վերը նշված օրինակներից, վերաբերվում է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը…