Հուլիսի 19-ի առավոտյան ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի խումբ անձինք, դանակով և մահակներով զինված, մտել են Արտաշատի խճուղու ժամանցի վայրերից մեկը, ծեծել մի երիտասարդի, վնասել հաստատության գույքը, հնչեցրել սպառնալիքներ ու հայհոյանքներ։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Մասիսի քրեական հետախույզները սկսեցին խուլիգանությունը կատարած անձանց հայտնաբերելու միջոցառումները, որոնց միացան նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները։
Համատեղ աշխատանքի շնորհիվ պարզվեց միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ Մասիսի ոստիկանները նաև բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում' կասկածվողները ներկայացան ոստիկանության Մասիսի բաժին։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև դանակն ու մահակները, որոնք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։