ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներն առայժմ չեն կարողանա զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել։
Նրա խոսքով' չարտերային թռիչքների որոշակի ակտիվացում թեև նկատելի է, բայց կանոնավոր չվերթերի վերականգնման մասին դեռ վաղ է խոսել։
«Կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը դեռ պահպանվում է։ Հաշվի առնելով աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված ռիսկերը և ելնելով մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության պահպանման նպատակից' դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել»,– ասաց Ավինյանը։
Փոխարենը փոխվարչապետը ՀՀ քաղաքացիներին առաջարկում ու հորդորում է հանգիստն անցկացնել Հայաստանում' պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։
Հիշեցնենք'մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որն արդեն 4 անգամ երկարացվել է և ավարտվելու է օգոստոսի 12-ին։