Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններով դատավորի պաշտոնից հեռացվել են 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, իսկ Հրայր Թովմասյանը զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից՝ մնալով դատավորի կարգավիճակում։

 

Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովում քննարկվելու է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցը: Թափուր տեղերի համար առաջադրումներն սկսվել են դեռևս հունիսի 27-ից: 

ՍԴ դատավորի պաշտոնի մեկ թափուր տեղի համար թեկնածություն են առաջադրել 2 դատավոր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը և Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։

Ինչու՞ է Վճռաբեկ դատարանի նախագահը պայքարում ՍԴ դատավորի պաշտոնի համար․ չէ՞ որ Վճռաբեկ դատարանի նախագահը դատական կորպուսի մեջ ամենաբարձր պաշտոնն է․ «Երվանդ Խունդկարյանը դիմում է ներկայացրել դատավորների ընդհանուր ժողովին՝ իր թեկնածությունը առաջադրելու՝ ՍԴ դատավորի թափուր հաստիքի համար»,- տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին դատական դեպարտամենտից։

Թե ինչու է Խունդկարյանն իր պաշտոնից ավելի ցածր պաշտոնի համար պայքարում, ցույց կտան հետագա զարգացումները։

Հավելենք, որ ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրելու են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Կառավարությունն արդեն իսկ առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին: