Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Հեռանկար» հաղորդաշարին.

 

Հարց. Սկսենք երևի վերջին տավուշյան իրադարձություններից, այդ դեպքերից և այդ դեպքերին Թուրքիայի աննախադեպ ներգրավվածությունից: Նախ, արդյո՞ք Դուք համաձայն եք, որ Թուրքիայի ներգրավվածությունն աննախադեպ էր: Եթե այո, ապա ի՞նչ քաղաքական և դիվանագիտական հետևանքների դա կարող է բերել:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն, պարո՛ն Աբրահամյան: Իրապես, Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել և շարունակում ենք ականատես լինել Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: Եվ այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկաս, որն անընդունելի է, որին մենք դիմակայում ենք բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու ենք այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից մեզ համար անընդունելի է լինելու: Մենք այդ առումով օգտագործում ենք մեր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով:   

Հարց. Յոթ օրվա ընդմիջումից հետո Ալիևը նորից խոսեց, և եթե Դուք թույլ կտաք՝ ոչ դիվանագիտական արտահայտություն թույլ տամ, լրագրողական, Թուրքիայի պահվածքը կարծես թե նրան «դուխ» է տալիս ավելի ագրեսիվ լինելու: Համաձա՞յն եք, թե՞ ոչ:

Զոհրաբ Մնացականյան. Ես, ճիշտն ասած, համաձայն չեմ և համաձայն չեմ ընդհանրապես այդ մոտեցման հետ, քանի որ այն, ինչ մենք լսում ենք Բաքվից, շատ տպավորիչ չէ, որովհետև կարծում եմ, որ հուլիսի 12-ից հետո առավել քան հստակ ի ցույց դրվեց, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի մեթոդը թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ գործողությունների մեջ Հայաստանի և Արցախի վրա չեն ազդում: Սա մերժված է բոլոր առումներով, և նման հռետորաբանությունը պատիվ չի բերում մեր ամբողջ տարածաշրջանին. սա հռետորաբանություն է, որն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելու ինչ-որ մի գործընթացի: Սա անընդունելի է և ապակառուցողական: Սպառնալիքի լեզուն չի ազդում, չի աշխատում. դա առավել քան հստակորեն մերժված է: Սա եղել է մեր դիրքորոշումն անցած երկու տարվա ընթացքում, առավել քան հստակ, շարունակական արտահայտվել է քաղաքական դաշտում, դիվանագիտական դաշտում և արտահայտվել է հուլիսի 12-ից սկսած:

Հարց. Օրերս Հայաստանը ԵԱՀԿ հայտագիր է շրջանառել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք տեսչական այցերի կասեցման մասին։ Ի՞նչ է դա նշանակում ավելի հանրամատչելի լեզվով, խնդրում եմ, բացատրել; 

Զոհրաբ Մնացականյան. Դա մեր համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը միասին՝ նախաձեռնելով և իրականացնելով այս ռազմական վարժությունները, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ և՛ միջազգային հանրության, և՛ համանախագահների, մեր ամբողջ ռեսուրսը ներդրվում է դե-էսկալացիայի ամրապնդման վրա։ Սա, իհարկե, անընդունելի է։ ԵՍԶՈՒ-ի և Վիեննայի փաստաթղթից բխող այդ ռազմական ստուգումներն իրենց մեջ պարունակում են շատ էական գործիք։ Դա գործիք է փոխվստահության ձևավորման և գործիք է անվտանգային շահերի հավասար, փոխադարձ հարգանքի։ Այն, ինչ անում է Թուրքիան, բնականաբար, ի ցույց չի դնում նման փոխադարձ հարգանք, և սա հավասարազոր պատասխան քայլն էր Հայաստանի կողմից։ 

Հարց. Այսինքն դա պատասխանն է թուրք-ադրբեջանական զորավարժությունների՞:

Զոհրաբ Մնացականյան. Այո՛:

Հարց. ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին. Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները արդյո՞ք համահունչ են ստեղծված իրավիճակին:

Զոհրաբ Մնացականյան. Հուլիս 12-ից սկսած՝ անմիջապես ժամեր անց, մենք կապի մեջ էինք համանախագահների հետ, նրանք շատ ակտիվ ներգրավված էին, ցանկացած ժամի, ցանկացած պահի աշխատում էինք միասին, աշխատում էինք մեկ նպատակի համար՝ ապահովելու դեէսկալացիա, վերականգնելու զինադադարը, վերականգնելու այն իրավիճակը, որը մեզ չի տանի էլ ավելի խորացած ճգնաժամի: Երեք անգամ մենք փորձել ենք ձևավորել այդ զինադադարի վերականգնումը, երրորդ անգամից սկսած դա ավելի արդյունավետ է դարձել: 

Մենք շատ բաց ասել ենք բոլոր երեք համանախագահների դերակատարության վերաբերյալ, նրանք շատ համակարգված են եղել, բայց առավել ևս Ռուսաստանի Դաշնության համանախագահողը: ՌԴ ԱԳ նախարարի, Զինված ուժերի Գենշտաբի համակարգման միջոցով մեզ հաջողվեց ապահովել այն, ինչ մենք այսօր ունենք: Այսօրվա հիմնական նպատակը դեէսկալացիայի ապահովումն է, այն միջավայրի վերականգնումը, որի մասին մենք մշտապես խոսում ենք, որը նպաստում է բնականոն աշխատանքի և բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը:

Հարց. Զուտ լրագրողական, ոչ մասնագիտական աչքերով, եթե նայում ես, այս հարցերում Ռուսաստանի դիվանագիտությունը, անշուշտ, ակտիվ է: Թուրքիան, որը Մինսկի խմբի անդամ է, բայց համանախագահ չէ, նույնպես ակտիվ է: Մնացած համանախագահները, զուտ լրահոսի առումով, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կարծես թե այս հարցերում այդքան էլ ակտիվ չեն: Թե՞ դա տպավորություն է:

Զոհրաբ Մնացականյան. Միգուցե ինչ-որ չափով տպավորություն է, բայց ես ասացի արդեն, որ Ռուսաստանը բավական ակտիվ ներգրավված է եղել, բայց շատ էական է ընդգծել, որ Ռուսաստանը չափազանց համակարգված ձևով աշխատել է Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ: Եվ ես, անձամբ, շատ ակտիվ աշխատել եմ բոլոր երեք համանախագահների հետ այս շրջանում՝ ապահովելու համար այն անմիջական նպատակը, որը մենք ունենք: Դրա արտահայտությունն էր նաև համանախագահների հայտարարությունը, որն ի ցույց դրվեց այս իրադարձությունների ընթացքում:  

Հարց. ՀԱՊԿ-ի մասին Հայաստանի հասարակական կարծիքը տարբեր տեսակետներ ունի: Դրանցից մեկն այն է, որ պետք էր ավելի ակտիվ դիմել ՀԱՊԿ-ին, որ նա ավելի ակտիվ ներգրավվեր, իսկ մյուսը, որ պետք էր ընդհանրապես չդիմել, քանի որ ՀԱՊԿ-ից ոչ մի օգուտ չկա: Երևի ինչ-որ մեջտեղում է, հա՞:

Զոհրաբ Մնացականյան. Մենք ունենք տարբեր միջազգային ֆորմատներ, որոնցից մեկը ՀԱՊԿ-ն է։ Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք։ Դա մեր համագործակցության միջազգային ձևաչափն է, և մենք ունենք մեր գործառույթները։ Երբ մենք ասում ենք միջազգային բոլոր ձևաչափերի գործածում, նշանակում է գործածում, նշանակում է աշխատել, համաչափ ձևով գնահատել՝ որտեղ, ինչպես ես աշխատում։ Եվ այդ առումով, իրականում, մենք չենք խնդրել, այդ պահին անհրաժեշտ չենք համարել անել ավելին, քան անմիջապես տեղեկացնել ՀԱՊԿ անդամ երկրներին այն զարգացումների մասին, որոնք տեղի էին ունենում հուլիսի 12-ից սկսած։ Այդ գործառույթը մենք իրականացրել ենք և շարունակելու ենք աշխատել ՀԱՊԿ-ում այն իմաստով, որ սա մեր համագործակցության հարթակն է: Մեր ձեռքում բոլոր հնարավոր  գործիքները օգտագործելու ենք՝ այդ հարթակը ծառայեցնելու մեր հիմնական նպատակին, որն ամենից բացի վերաբերում է տարածաշրջանում կայունության պահպանման, կայունության ապահովման այդ գործառույթին։ 

Հարց. Պարո՛ն Մնացականյան, կան երկրներ և կազմակերպություններ, որոնք այս իրավիճակում սատարում են Ադրբեջանին, կան երկրներ և կազմակերպություններ, որոնք երկու կողմերին զսպվածության կոչ են անում: Բայց չկա դրանցից որևէ մեկը, որ նույն ձևով, ինչպես Թուրքիան, աջակցում է Ադրբեջանին, նույն անվերապահությամբ աջակցի Հայաստանին: Դա ճի՞շտ է:

Զոհրաբ Մնացականյան. Իրականում կա, բայց ես այս հարցը կդիտարկեմ մի փոքր այլ համատեքստում, որովհետև նման գնահատականն ավելի զգացմունքային, մակերեսային մակարդակում է և վերածվում է սպորտի, թե ով, ում ինչպես է աջակցում կամ չի աջակցում: 

Շատ ավելի խորքային է մյուս հարցը, որ վերաբերում է համանախագահների կողմից արտահայտված այն կարևոր ազդակներին: Դա այն հարթակն է, այն ձևաչափն է, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես խաղաղ գործընթացի համար հիմնական հարթակ, և այդ մանդատը տրված է երեք համանախագահներին միջազգային հանրության կողմից: Իրենց դիրքորոշումը ստացել է միջազգային հանրության կողմից լայն աջակցություն, որն արտահայտված է բազմաթիվ ձևերով՝ թե՛ առանձին պետությունների կողմից, թե՛ ԵԱՀԿ-ի կողմից, թե՛ ԵՄ-ի կողմից, թե՛ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից: Այդ դիրքորոշման հիմնական էությունը, որն արտահայտված է իրենց հայտարարության մեջ, վերաբերում է շատ կարևոր սկզբունքի՝ վերականգնել կայունությունը, վերականգնել զինադադարը, բացառել սպառնալիքը և սպառնալիքի լեզուն, բացառել առավելապաշտությունը և խաղաղ գործընթացի համատեքստում աշխատել այնպիսի լուծումների վրա, որոնք անհրաժեշտ են համապատասխան  այդ փոխզիջումային բալանսին հասնելու համար: Այդ դիրքորոշումը մեզ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան որևէ սպորտի մեջ ներգրավվելը և գնահատելը, թե ինչպես Թուրքիան ավելի շատ աջակցեց Ադրբեջանին, թե ավելի քիչ Հայաստանին:

Հարց. Եվ աջակցողների թվում էր Ուկրաինան, որը սատարել էր Ադրբեջանին այս հարցում: Արդյո՞ք դա մեր դիվանագիտության բացթողումը չէ. Ուկրաինան նույնպես կարո՞ղ էր չեզոք դիրքորոշում ունենալ:

Զոհրաբ Մնացականյան. Ես այսպես կասեմ, կարծես Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որը վերաբերում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, և բարդույթ ունի՝ տարանջատելու հակամարտությունները և գնահատելու հակամարտությունները՝ ըստ իրենց արժանիքի, էության, պատմության: Այդ առումով է, որ մենք այստեղ ունենք անհամաձայնություն: 

Մենք երկու տարվա ընթացքում շատ հետևողականորեն աշխատում ենք Ուկրաինայի հետ այդ առումով, քանի որ Ուկրաինայի բարեկամ ժողովրդի հետ մենք որևէ բարդույթ, որևէ խնդիր չունենք, և շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և հասցնել մեր ազդակները և պատգամները: Մենք համբերատար ենք և շարունակելու ենք դա անել: Բայց շարունակելու ենք անընդունելի համարել դիրքորոշումներ, որոնք կտրված են իրողությունից, որոնք հիմնված են այդ համընդհանուր մոտեցումների վրա: Սա ո՛չ տարածաշրջանին, ո՛չ իրենց, ո՛չ մեզ որևէ օգուտ չի բերում:

Հարց. Երբեմն կոչեր են հնչում վերադառնալ ԼՂ հիմնախնդրի շուրջ բովանդակային բանակցությունների։ Այդ կոչերը նաև հնչում են հին Մինսկի խմբի  համանախագահներից։ Խոսքը, մարդիկ ենթադրում են, «մադրիդատիպ», «կազանատիպ» սկզբունքների մասին է։ Արդյո՞ք այս պահին այդ ամենը հնարավոր է։ 

Զոհրաբ Մնացականյան. Երկու տարվա ընթացքում մենք իրականում այդ գործառույթները իրականացրել ենք, և այս շրջանում մեզ համար ձևավորվել է երեք աշխատանքային ուղղություն։ Առաջին ուղղությունը վերաբերում է, ինչպես Դուք ասում եք, սուբստանտիվ հարցերին, որտեղ մենք հետապնդել ենք էական, կարևոր նպատակներ՝ ամրագրելու այն գերակայությունները, որոնք մեզ համար առաջնային են, և որոնց ճիշտ արտահայտումը հիմնական անհրաժեշտ բաղադրիչներից է՝ համապատասխան փոխզիջումներ կառուցելու համար։ Դրանց արհամարհանքը չի բերելու փոխզիջման։ Չի լինելու երբևէ զիջում, չի լինելու երբևէ այս կարգավորման չբալանսավորված լուծում։ Եվ այդ առումով է, երբ մենք խոսում էինք, արտահայտվում էինք շատ պարզ երկու բառով՝ ստատուս և անվտանգություն։ Եվ այդ երկու բառը իրենց մեջ պարունակում են բավական մեծ բովանդակություն՝ սուբստանցիա։ Քանի որ ստատուսը վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ազատ կամարտահայտման գործառույթի իրականացմանը՝ առանց սահմանափակումների և իրավական ուժ ունեցող արդյունքով։ Դրանք վերաբերում են անվտանգության այնպիսի համակարգի, որը չի խախտում, չի ստեղծում վտանգներ Արցախի համապարփակ անվտանգության համար, որի համար Հայաստանը այսօր շարունակում է մնալ միակ երաշխավորը։ Այս երկուսն ունեն այդ խորքային, բովանդակային նաև մանրամասները, որոնց մասին մենք երկու տարի հետևողականորեն խոսել ենք և լսել ենք մյուս կողմին, թե ինչպես են նրանք ընկալում և ինչպես են պատրաստ մեզ հետ աշխատել այդ առումով։ 

Աշխատանքի երկրորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար եղել է այն միջավայրի ձևավորումը, որն անհրաժեշտ է բանակցային գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար: Դա վերաբերել է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ միջավայրին, որը նպաստում է խաղաղությանը։ Այն հռետորաբանությունը, որը ձևավորվել է այս շրջանում, որը մենք շարունակաբար լսել ենք, բնավ, չի նպաստում այդ միջավայրին։ 

Հետևողականորեն լսվող այդ հռետորաբանությունը չի ազդում. սպառնալիքը ժխտված է, և չի ազդում: Եթե Հայաստանը և Արցախն օգտագործվում են որպես հարմար թշնամի ներքաղաքական հարցերի համար, դա լուծում չէ, դա միայն խորացնում է խնդիրը: Եվ այդ առումով է նշվում սպառնալիքի ժխտումը, հռետորաբանության փոփոխությունը և, ամենակարևորը, այնպիսի գործիքների ներդնումը, որոնք ապահովում են կայուն, տևական զինադադար, կայուն տևական իրավիճակ, որտեղ մենք բացառում ենք էսկալացիայի ռիսկերը: Այստեղ մենք ունենք քննարկելու շատ կոնկրետ հարցեր, առաջարկներ. հարցեր, որոնք վերաբերում են թե՛ մոնիտորինգային համակարգին, թե՛ հետաքննության այլ միջոցառումներին, թե՛ տեղում հրամանատարների ուղիղ գծի ապահովմանը, որոնք կոնկրետ առաջարկություններ են: Ոչ թե ուղղակի մոնիտորինգների թվի ավելացումը, այլ մոնիտորինգների տեղակայումը տեղում այնպես, որը հնարավորություն է տալիս վերահսկել խախտումները և իրավիճակը, որը կարող է բերել էսկալացիայի, այնպիսի հետաքննությունների մեխանիզմի ներդրում, որը հնարավորություն է տալիս դիտարկել իրավիճակը և բացահայտել ռիսկերի վտանգը, որը միտումնավոր բերում է էսկալացիայի: Ուղիղ գիծը, ուղիղ կապը թե՛ շփման գծով, թե՛ սահմանով նույնպես գործիք են, որը մեզ հնարավորություն է տալիս պահպանել խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ միջավայրը:

Եվ երրորդ հիմնական ուղղությունը, որը մեզ համար եղել է շատ էական, Արցախի մասնակցությունն է, ներգրավումը խաղաղ գործընթացի մեջ. մի գործառույթ, որը չափազանց էական է: Դա բնավ ձևաչափի փոփոխություն չէ. դա ձևաչափի վերականգնում է, որովհետև 22 տարի առաջ եղել է ձևաչափի ձևափոխում: Մեզ անհրաժեշտ է վերականգնել այդ ձևաչափը: Սա պրակտիկ խնդիր է, և մենք շատ պարզ բացատրել ենք, թե ինչու է դա պրակտիկ և անհրաժեշտ, որովհետև Արցախի ժողովուրդը բոլոր առումներով ի ցույց է դրել իր կարողությունը՝ կառավարելու, իր կյանքը կազմակերպելու սոցիալական, տնտեսական, քաղաքական, պաշտպանական տեսանկյունից, ունենալու իր կողմից ընտրված իշխանություններ, մասնակցելու միջազգային գործընթացներում: Բոլոր առումներով մի միավոր է, որին անմիջապես վերաբերում է խաղաղ գործընթացը, և իրենց իշխանությունները իրենց ժողովրդի կողմից օժտված են մանդատով ՝ ժողովրդավարական գործընթացի միջոցով։ Եվ իրենց չմասնակցելը բերում է մի իրավիճակի, երբ իրենց մոտ նվազում է խաղաղ գործընթացի հանդեպ սեփականության զգացումը, և ստեղծում է մի իրավիճակ, երբ մենք չենք կարողանալու ապահովել լուրջ և իրական արդյունավետ առաջընթաց խաղաղ գործընթացում:

Հայաստանն իր գործառույթն իրականացնում է: Այդ առումով մենք շատ հետևողական աշխատել ենք Արցախի իշխանությունների հետ՝ ապահովելու համար շատ ավելի խորքային զգացում, թե ինչպես է կատարվում: Դուք տեսել եք, որ մենք ունենք տարբեր ձևաչափեր: Այսօր, ի դեպ, մենք հանդիպել ենք Արցախի ԱԳ նախարարի հետ, և նորից միասին գնահատել ենք իրավիճակը, աշխատել ենք միասին մեզ համար առաջնային բոլոր հարցերի շուրջ: Մենք ունենք Անվտանգության խորհուրդների աշխատանքի մեթոդը, մեր ղեկավարները՝ թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Արցախի նախագահը, միասին շատ ակտիվ աշխատում են, և մենք ունենք նաև բոլոր այն անհրաժեշտ միջոցները, որոնք ապահովում են մեր ընդհանուր անվտանգային համակարգը: Այս երկու տարիների ընթացքում հետևողական աշխատել ենք այս երեք ուղղություններով. այսինքն մեզ համար բովանդակային հարցերի շուրջ աշխատանքը ո՛չ սկսել է, ո՛չ պետք է սկսվի: Սա եղել է այս երկու տարվա ընթացքում շատ հետևողական աշխատանք՝ պարզ գիտակցելով, թե ինչ ենք անում և արտահայտելով դա շատ պարզ ձևով:

Պարբերաբար լինում են իրավիճակներ, երբ ականատես ենք լինում կա՛մ միտումնավոր, կա՛մ չգիտակցված ընկալումների բարդույթի՝ «ինչ է նշանակում սա, ինչ է նշանակում նա», բայց ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում հետևողականորեն արտահայտված այն ամենն այսօր ամփոփված է նաև Հանրապետության վարչապետի՝ կառավարության նիստին ունեցած իր ելույթում. յոթ կետերի մեջ ինչ-որ չափով ամփոփված է այն ամենը, ինչը մենք անում ենք: 

Իսկ ինչ վերաբերում է հուլիսի 12-ին, դրա ամենակարևոր պատգամը մեկն էր, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի և ուժի կիրառման փորձը որևէ դեպքում գործոն չեն, գործիք չեն, և որևէ ազդեցություն չունի, չի ունեցել և չի ունենալու: Հայաստանը և Արցախը շարունակում են մնալ բացարձակապես հավատարիմ խաղաղ գործընթացին, խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, այլընտրանքը բերում է տարածաշրջանի համար չափազանց լուրջ հետևանքների: Մենք բավարար վստահություն ունենք՝ ասելու այդ ամենը, որովհետև մենք բավարար ներուժ ունենք՝ պաշտպանվելու, պաշտպանելու, որն արտահայտվեց նաև հուլիսի 12-ին:

Հարց. Վարչապետի ելույթին ի պատասխան, որն ասաց այն, ինչը որ Դուք եք ասում, և որը ոչ միայն դիվանագիտությունն է ասում, կառավարությունը, այլև ամբողջ ժողովուրդը՝ և՛ կարգավիճակը, և՛ անվտանգությունը, իհարկե, առաջնային են։ Եվ ի պատասխան դրան՝ Ալիևը թվիթերում գրել է «տեսնու՞մ եք՝ Հայաստանի պահանջները մաքսիմալիստական են»։ 

Զոհրաբ Մնացականյան. Նորից վերադառնամ նրան, ինչից սկսեցի։ Նման դիսկուրսը մեզ որևէ տեղ չի հասցնի։ Դա լավ ձև չէ։ Ես փորձում եմ դիվանագիտորեն ասել, բայց շատ դժվար է արձագանքել մի բանի, որը պարզապես փողոցային հաշիվ մաքրելու մեթոդի տպավորություն է թողնում։ Դա լավ չէ, որովհետև մաքսիմալիզմը բխում է այլ բանից։ 

Խոսելով մաքսիմալիստական դիրքորոշումներից՝ նշեմ, որ մինչ այժմ չենք լսել Ադրբեջանի իշխանությունների կողմից որևէ ազդակ, որևէ ձևակերպում, որևէ բառ, որն ի ցույց է դնում զգայունություն Արցախի և Հայաստանի առաջնահերթությունների հանդեպ։ Որևէ դիրքորոշում, որևէ քայլ, որն ի ցույց դնի, որ նրանք նույնպես պատրաստ են աշխատել դեպի փոխզիջում։ Եվ այդ առումով, եթե մենք ավելի ուշադիր լսենք իրենց դիրքորոշումները, դա մաքսիմալիզմ է, որը տեսնում է լուծումը միայն այնպես, ինչպես դա բավարար է բացառապես ադրբեջանական կողմին։ Դա չի աշխատելու, դա փոխզիջում չէ։ Իսկ ինչ վերաբերում է զիջման վրա հիմնված լուծման, ապա որևէ մեկը պատրաստ չէ նման ճանապարհով շարժվել։ 

Հարց. Խոսելով ռիսկերի նվազեցման և մթնոլորտի ստեղծման մասին, արդյո՞ք Դուք միտումնավոր եք բաց թողնում Վիեննան և Սանկտ Պետերբուրգը, այսինքն այն, որտեղ Ադրբեջանը, կարծես թե, համաձայնել էր այդ ամենին: 

Զոհրաբ Մնացականյան. Ի դեպ, սկսենք նրանից, որ Ադրբեջանը չէր համաձայնել այդ ամենին: Երկրորդը, ինչ վերաբերում է Վիեննա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներին, այդ անվանումներին, պարբերաբար ինձ թվում է, որ դա հնչում է որպես «հալվայի» ինչ-որ մի նոր տեսակ կամ ավելի դոգմատիկ մոտեցում, որովհետև իրականում այն սկզբունքները, մեթոդները, գաղափարները, որոնք արտահայտված էին այդ շրջանում, դրանք եղել են մեր օրակարգում՝ թե՛ հետաքննության մեխանիզմները, թե՛ մշտադիտարկումները: Դրանք միշտ եղել են մեր օրակարգում: 

Ես արդեն նշեցի, որ մենք մշտադիտարկման հարցում ոչ թե խոսում ենք ուղղակի մոնիթորների թվի ավելացման մասին, այլ խոսում ենք շատ ավելի կիրառական ձևով մշտադիտարկման համակարգն աշխատեցնելու մասին, որպեսզի կարողանանք ունենալ ավելի իրական, գործուն մեխանիզմ, որը նվազեցնում է ռիսկերը, ինչպես մենք ենք ձևակերպում, որը լավագույնս կառավարում է զինադադարի կայունությունը, զինադադարի համակարգի ապահովումը: Նույնը վերաբերում է հետաքննություններին: Մենք դրանից ավել ենք ասում նաև, մենք խոսում ենք այն մասին, որ անհրաժեշտ է ունենալ նաև ուղիղ կապ տեղում, որպեսզի կարողանանք ոչ միտումնավոր իրավիճակներին լուծումներ տալ, դրանք վերահսկել: Մենք ունենք դրա փորձը՝ համապարփակ ձևով ապահովելու կայուն զինադադարը, ապահովելու ռիսկերի կայուն նվազ միջավայր: 

Եթե Ադրբեջանը ենթադրում է, որ դրանով մենք սառեցնում ենք իրավիճակը, ինչը մենք պարբերաբար լսում ենք իրենց կողմից, ապա դա ուղղակի անընդունելի է: Եթե ենթադրվում է, որ մենք կարող ենք ունենալ առաջընթաց էսկալացիայի պայմաններում, դա բացառվում է: Եթե ենթադրվում է, որ մենք կարող ենք սպառնալիքը, ուժի կիրառումը դիտարկել որպես գործոն խաղաղ գործընթացում, դա չի լինելու: Սա կարծես թե առավել քան հստակ է, հստակ արտահայտվել է և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ անմիջապես արդեն ռազմական առումներով:     

Հարց. Ադրբեջանի բոլոր պաշտոնյաներն արդեն 20 տարի այս խնդրի հետ կապված միշտ հիշատակում են ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք, ըստ իրենց, Հայաստանը չի կատարում: Քանի որ դա շատ վաղուց էր, կխնդրեմ հիշեցրեք այդ ի՞նչ բանաձևեր են, և ո՞վ չի կատարում դրանք:

Զոհրաբ Մնացականյան. Այդ մեթոդը նույնպես օգտակար չէ, որովհետև այդ բանաձևերն ընդունվել են 1993 թվականին, արտահայտել են այդ ժամանակվա իրողությունները, այդ բանաձևերը դարձել են նաև այն միջոցներից մեկը, որ ձևավորել է ներկայիս խաղաղ գործընթացը: Եվ այդ առումով մենք այսօր ներգրավված ենք խաղաղ գործընթացի մեջ, և խաղաղ գործընթացի էությունը փոխզիջման հասնելն է: Եթե այդ բանաձևերը մեկնաբանվում են կամ արտահայտում են այն, ինչ որ միայն Ադրբեջանն է ուզում տեսնել, ապա նման ձևով մենք իրավիճակին լուծում չենք տալու: Գործիքի օգտագործումը առավելապաշտական քաղաքականությունն առաջ տանելու համար արդյունավետ չէ: 

Այդ առումով Ադրբեջանը պարտավոր է անմիջապես Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանին, եթե անվերապահ շարունակում է հիշատակել այդ բանաձևերը:

Հարց. Վերջին հարցը, պարոն Մնացականյան: Արդյո՞ք Դուք շփումներ ունեցե՞լ եք Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, և արդյո՞ք այդպիսի շփումներ նախատեսվում են: 

Զոհրաբ Մնացականյան. Ես անմիջապես շփումներ չեմ ունեցել պարզ պատճառներով: Մեզ համար այժմ շատ էական է, որ մենք լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք մեր աշխատանքի հաջորդ փուլին: Ես հիշեցնեմ, որ նախորդ մեր հանդիպումը հունվարի վերջին էր, և մենք բոլոր ուղղություններով ունեինք բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք: Եվ պետք է անցնեինք հաջորդ փուլերին, որին մենք բացարձակապես պատրաստ էինք, բոլոր այն ուղղություններով, որոնց մասին ես խոսում էի: 

Հարց. Ի նկատի ունե՞ք հանդիպումը Մամեդյարովի հետ:

Զոհրաբ Մնացականյան. Այո՛, որը, ի դեպ, պետք է լիներ դեռևս գարնանը. մենք այդպես էինք նախատեսում: Բայց այս համավարակը իրապես խանգարեց և բերեց նոր իրողությունների, նոր զարգացումների, ներքաղաքական տարբեր արտահայտումների, նաև այս իրավիճակին հենց Ադրբեջանում: Մեզ որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի է, անարդյունավետ է, և շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց մեզ օգտագործելու որպես հարմար թշնամի:

Ինչ վերաբերում է նոր նախարարին, ես առիթ չեմ ունեցել իրեն հանդիպելու, ես, իհարկե, սպասում եմ այդ հանդիպմանը: Սկզբունքորեն պատիվ ունեմ այսօր քաղաքական պատասխանատվություն կրելու, տանելու այս բանակցային գործընթացն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ես արտահայտել եմ այն բոլոր մոտեցումները, որոնք Հայաստանի դիրքորոշման հիմքում են, և պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու անձի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել: 

Շնորհակալություն: