Թովմասյան հիմնադրամն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց դեռևս մայիսի 2-ին մեկնարկած «Միասին Մենք Կարող Ենք» բարեգործական նախաձեռնության ամփոփագիրը, որը միտված է կորոնավիրուսի դեմ պայքարին։ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը նշեց՝ նախաձեռնության 3 ուղղությունների՝ համերգ-մարաթոնի, բարեգործական աճուրդի և ֆլեշմոբի ընթացքում հավաքագրվել է շուրջ 100 մլն դրամ։
«Թովմասյան» հիմնադրամը բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում, որի շրջանակում մի շարք բուժհաստատությունների առաջին անհրաժեշտության պարագաներ են նվիրվել: Հարցին՝ արդյո՞ք դա առողջապահության նախարարության գործառույթը չէ, քանի որ դրա համար բազմամիլիոնանոց գումարներ են ստացել թե՛ Հայաստանում և արտերկրում ապրող գործարարներից, թե՛ միջազգային կառույցներից՝ ի պատասխան Թովմասյանն ասաց՝ կարևորում են այն աշխատանքը, որն իրենք են կատարել:
Անդրադառնալով մեր այն հարցին, թե ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պատվաստումների հետ կապված դժգոհություններ կան, բողոքի ակցիաներ են տեղի ունենում և թե ինչ ընթացք կստանա այդ ամենը Հայաստանում՝ պրոֆեսոր Հենրիկ Բակունցը նշեց՝ պատվաստումները պետք է անել կամավոր։
«Միասին Մենք Կարող Ենք» մարաթոնի հավաքագրած միջոցներով «Թովմասյան» հիմնադրամը ամբողջությամբ բավարարել է՝ Գյումրու, Վանաձորի, Նորք ինֆեկցիոն հիվանդանոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության բուժվարչության, պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության հայտերը։ Մասնավորապես, Արցախում Արտակ Թովմասյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել են Արցախի նախագահն ու Առողջապահության նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումների համար:
Մանրամասները` տեսանյութում: