Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին դիմակ չկրելու պատճառով դուրս են հրավիրել Մաշտոցի պողոտայում գտնվող «Ուրարտու» խանութից։

Տեղեկության համաձայն՝ ԱԺ փոխխոսնակը հարցրել է, թե իրեն «տեղը չեն բերու՞մ», որին ի պատասխան' վաճառողն ասել է. «Շատ լավ բերում ենք»։ Սիմոնյանը շարունակել է վիճաբանել, սակայն խանութի աշխատակիցները դուրս են հրավիրել նրան:

Այս տեղեկությունը հաստատելու կամ հերքելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Ալեն Սիմոնյանի հետ, ով խուսափեց մեկնաբանություն տալ․ «Բայց ո՞վ ասեց, որ հիմա պետք է մեկնաբանություն տամ Ձեզ: Ես որևիցե բան չեմ մեկնաբանում, հարգելի՛ս, չունեմ որևիցե բան մեկնաբանելու»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Ուրարտու» խանութների ցանցից զարմացան, թե ինչու պետք է առանց դիմակ ներս թողնեին. «Դա նորմալ է, մեզ մոտ այդպես է, Ալեն Սիմոնյանը հենց ինքը չպիտի կրե՞ր, օրինակ ծառայեր բոլորին»։

Աշխատակցուհին միջադեպից տեղյակ չէր, և խնդրեց ավելի ուշ զանգահարել։

Արփինե Հակոբյան