Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց մինչև օրս դիմակ չկրելու համար տուգանքի չափը կազմել է 665 մլն ՀՀ դրամից ավելի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ոստիկանությունից։
 
Մենք խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե դիմակներ կրելու պարտադիր պահանջից հետո որքա՞ն գումար է կազմել տուգանքի հանրագումարը, և մինչ օրս քանի՞ անձ է տուգանվել։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 մասով (դիմակ չկրելու համար) կայացվել է 66.530 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, որոնցով տուգանքի չափը կազմում է 665.300.000 ՀՀ դրամ»,- փոխանցել են ոստիկանությունից։

Նշենք, որ պարետի որոշմամբ դիմակ կրելու պարտադիր պահանջից հետո քաղաքացիներից ոմանք մինչ օրս հետևում և ենթարկվում են որոշմանը, սակայն կան նաև այնպիսիք, որոնք հրաժարվում են դիմակ կրել այս կամ այն պատճառաբանությամբ, կամ էլ ուղղակի՝ թեև գիտակցում էին, որ հնարավոր է տուգանվեն, բայց չէին ցանկանում ենթարկվել այս իշխանության որոշումներին։ 

Սոնա Հարությունյան