Այսօր՝ օգոստոսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 

Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում կրակոցներ են հնչել: 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Արիստակեսյանը:

Ոստիկանները պարզել են, որ կրակոցներն հնչել են ոչ թե Ռիգայի փողոցում, այլ Արաբկիր 19 փողոցում: Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր: Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանի և ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Տ. Միրզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք նշված միջադեպի հետ կապված՝ վիրավոր կամ վիրավորներ դիմել են հիվանդանոցներ, թե ոչ: