Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC հեռուստաընկերության «HARDtalk» հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տնտեսական հարցերին: Նշենք, որ «HARDtalk» ծրագրի շրջանակներում հնչում են բավականին կոշտ ու քննադատական հարցեր:
Ընդամենը մեկ տարի առաջ այս նույն հաղորդման հյուրն էր ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը: Շատերը այդ հարցազրույցը անվանեցին պաշտպանողական, ոմանք էլ պահանջեցին ԱԳՆ նախարարի հրաժարականը; Բանն այն է, որ Մնացականյանը հավուր պատշաճի չէր կարողացել ներկայացնել հայկական կողմի տեսլականը Արցախյան բանակցությունների մասով, մի բան, ինչը այսօր կարելի է ասել նաև վարչապետ Փաշինյանի մասին: Թեև պատասխանները էմոցիոնալ էին, սակայն որպես այդպիսին՝ դրանց բովանդակային շեշտադրումները անչափ թույլ էին:
Օրինակ, անդրադառնալով իր հայտնի Արցախը Հայաստան է և վերջ հայտարարությանը, Փաշինյանը չխոսեց ինքնորոշման սկզբունքից, այլ փորձեց իրավիճակից դուրս գալ պատմական թեզերով: Հարց է առաջանում, իսկ ի՞նչ է խանգարում ՀՀ թվով արդեն երկրորդ բարձրաստիճան պաշտոնյային իրերը կոչել իրենց անուններով և անել հասցեական մեսիջներ: Իսկ գուցե խնդիրը այլ հարթության մեջ է, և մեսիջները հենց է որ հնչում են, սակայն հասցեատերերն են այլ: Տպավորություն է, որ հայաստանյան պաշտոնյաները արևմտյան հայտնի մեդիա ռեսուրսները օգտագործում են որպես հարթակ՝ այդ նույն Արևմուտքին հանգստացնող մեսիջներ հղելու համար: Ասել է թե՝ հասկացնում են, որ պայմանավորվածությունները հարգում են և դրանից ավել պահանջներ առաջ չեն քաշում: Մեկ տարի առաջ էլ ԱԳՆ ղեկավարն էր փորձում տալ Փաշինյանի հայտնի հայտարարության առավել դիվանագիտական և բոլոր կողմերին գոհացնող բացատրությունը: Պետք է ասել, որ նրա մոտ էլ դա առանձնապես չստացվեց:
Ավելին, «BBC Hard talk»-ի հետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի նկարագրական մասում Արցախի հիմնախնդիրը նշված է իբրև՝ «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ երկար պայքար»: Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը՝ առնվազն ի դեմս ԱԳ նախարարի, ուղղակի պարտավոր են հրապարակային կերպով ընդդիմանալ այս ձևակերպմանն ու որակել սա իբրև հակամարտության բուն բնույթի խեղաթյուրում: Սակայն, արդյո՞ք հայկական կողմը կգնա այդ քայլին, թե՞ լիովին համաձայն են տվյալ ձևակերպման հետ և խնդիրը դիտարկում են տարածքների, այլ ոչ թե ազգերի ինքնորոշման պրիզմայով…