Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ թռիչքներ իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին հայտնում է «Զվարթնոց»-ի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան հինգշաբթի և շաբաթ օրերին իրականացվող չվերթերի տոմսերը կարող են ձեռք բերել միայն այն քաղաքացիները, ովքեր «Շերեմետևո» օդանավակայանից, որպես տարանցիկ օդանավակայան, կշարունակեն իրենց չվերթերը դեպի Լոս-Անջելես, Շանհայ և եվրոպական երկրներ»,- ասված է հաղորդագրությունում:
«Զվարթնոց» օդանավակայանը գրառմամբ խնդրում է նկատի ունենալ, որ «Շերեմետևո» օդանավակայանով տարանցիկ երկիր ճանապարհորդելիս ուղևորները պետք է ունենան ՊՇՌ հետազոտության տեղեկանք (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Հետազոտությունը պետք է արված լինի մեկնելուց ոչ ավելի վաղ, քան 72 ժամ առաջ: Ուղևորը պետք է ուսումնասիրի նաև մեկնման երկրի մուտքի կանոնները և իր մոտ ունենա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: