Արթիկցին ընտրակաշառքը վերցրել է, բայց ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսօր Արթիկում մինչ կսկսեր Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքը, մի արթիկցի պապիկ Aravot.am-ի հետ զրույցում անկեղծացավ, որ նախագահական ընտրություններում Արթիկում 5000-ական դրամ են բաժանել: Մեր հարցին՝ դուք վերցրե՞լ եք, նա խնդմնդալով պատասխանեց. «Վերցրել եմ ու ստորագրել եմ Րաֆֆիի համար»: Երբ խնդրեցինք այդ նույնը տեսանյութով ասել, արթիկցին վախեցավ. «Բռնել կտաս ինձի»:
Նայելով օբյեկտիվին՝ նա ասաց, որ ընտրությունները շատ լավ են անցել, ճիշտ են անցել: Մեր դիտարկմանը, որ ի՞նչ ունեք վախենալու կամ կորցնելու, նա պատասխանեց. «Հիմա ջուրն էլ կկտրենն վրեքներիցս քաղաքապետարանից»: Ավելի ուշ անդրադառնալով ընտրակաշառքին՝ նա տեսանյութում խոստովանեց. «Դու եղնեիր՝ չէի՞ր վերցնի»: Ցույց տալով հավաքվածներին՝ նա վստահեցրեց, որ բոլորն են վերցրել, մենակ ինքը չէ: Ավելին՝ արթիկցին ասաց. «Անցած անգամ 15 էին բաժանել, էս անգամ իջացրին 5000»: Մենք ճշտեցինք՝ բաժանելուց ի՞նչ էին ասում, ո՞ւմ օգտին պետք է քվեարկել՝ բնակիչը պատասխանեց. «Տիրողի օգտին՝ Սարգսյանի օգտին»: