Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հիմնավոր է համարել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը. 2 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԿԳՄՍ նախկին փոխնախարարը կշարունակի մնալ կալանավորված:

Դատարանը միաժամանակ մերժել է պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը․ Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը միջնորդել էր նրան ազատ արձակել 1․5 միլիոն դրամ գրավի դիմաց։

Նշենք, որ Գեւորգ Լոռեցյանը կալանավորված է 2019 թվականի դեկտեմբեր ամսից։

Գեւորգ Լոռեցյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով, հիշեցնենք, ամբաստանյալի կարգավիճակում է երեք անձ։ Լոռեցյանը մեղադրվում է «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք պահանջելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ դրա դիմաց նախարարը պետք է ապահովեր ընդհանուր հովանավորչություն, Քանանյանի ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցություն եւ դրանցում հաղթելու դեպքում՝ մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ առավելություն։

Էդուարդ Հովհաննիսյանը, որ զբաղեցրել է ՀՀ ԿԳՄՍՆ վարորդի պաշտոնը եւ սպասարկել Գևորգ Լոռեցյանին, մեղադրվում է Լոռեցյանին տեղեկատվություն եւ միջոցներ տրամադրելու, ինչպես նաև խչընդոտները վերացնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելուն օժանդակելու համար։ Իսկ Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել Գևորգ Լոռեցյանին առանձնապես խոշոր չափի կաշառք խոստանալու համար։


Գեւորգ Լոռեցյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։