«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի եւ ՀԱԿ-ականների միջեւ կուլիսային պայքարը նոր թափ է ստացել։ Այն առաջնորդում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Սրացման առիթն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Բադասյանի վերջին հայտարարությունն է։

Անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը, թե այլեւս չեն մասնակցելու դատական նիստերին, նախարարն ասել է, որ չնայած ամբողջությամբ ծանոթ չէ պատճառաբանություններին, բայց կարծում է, որ ճիշտ չէ դատաիրավական բարեփոխումների ընթացքը կապել կոնկրետ գործի հետ: Մի քանի օր է՝ այս շրջանակները «ծամում են Բադասյանի միսը»։

Նեղ շրջանակներում քննարկում են եւ չեն հանգստանա, մինչեւ չհասնեն Բադասյանի պաշտոնանկությանը։ Նախարարի նկատմամբ նեգատիվի պատճառը նաեւ իրենց թելադրանքին չտրվելն է։ Վահե Գրիգորյանն ու ՀԱԿ-ական իրավաբանները կարծում են, որ կառավարությունն իրենց միջոցով, իրենց սխեմաներով պետք է իրականացնի դատական բարեփոխումները, այդ թվում՝ ՍԴ կազմավորումը, եւ իրենք պետք է ընտրեն թեկնածուներին, սակայն Բադասյանն առաջ է տանում իր կամ սորոսական շրջանակների տեսակետը։

Մենք գրել էինք, որ Բադասյանն էր առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, չնայած հանդիպել էր ՀԱԿ շրջանակի հետ եւ գիտեր նրանց կարծիքը։ Արդյունքում հաղթեց ՀԱԿ տեսակետը»: