ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Արցախի քաղաքացիական բնակավայրերն Ադրբեջանի կողմից ռազմաօդային և հրետանային հրետակոծության վերաբերյալ՝ միջազգային հանրությանը կոչ անելով ուղղել բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնության կանխմանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հայտարարության մեջ ասված է. ««Վաղ առավոտից սահմանագծի ողջ երկայնքով Ադրբեջանը նախաձեռնել է անկանոն ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը, քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են: Այս ծայրահեղ մտահոգիչ լուրերը պաշտոնապես հաստատվել են նաև Արցախի Պաշտպանության բանակի և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Մեծածավալ խախտումներ և վնասներ են պատճառվել քաղաքացիական բնակչությանը: Հայ երեխաների, կանանց և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին քայլեր ձեռնարկել և ուղղել իրենց բոլոր ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը»: