Պետդուման մտադիր է Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման կոչով հանդես գալ՝ պատրաստակամություն հայտնելով միջնորդական աջակցություն ցուցաբերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար: Այս մասին հաղորդվում է Ստորին պալատի հայտարարության նախագծում, որ տեղադրված է էլեկտրոնային բազայում:

«Պետդուման հայտարարում է Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում դիմակայության սրում թույլ չտալու անհրաժեշտության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չլինելու մասին: Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար»,- ասված է հայտարարության տեքստում:

Բացի այդ, պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնում՝ կապված ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման հետ, որ հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Նրանք վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը: